Ռուսաստանում ապրող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ հունիսի 9-ին Կիրովսկ քաղաքում բացվել է Պյոտր Առաջինի հուշարձանը: Ի դեպ, հունիսի 9-ը կայսեր ծննդյան օրն է: Մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում նշվել է հայ համայնքի ձեւավորման 300-ամյակը, գործարարը մի շարք արխիվային նյութեր է ուսումնասիրել: Գրեթե բոլոր փաստաթղթերում հիշատակումներ են եղել այն մասին, որ Պյոտր Առաջինը բոլոր հարմարությունները ստեղծում էր ու ամեն կերպ օժանդակում էր, որ հայերը տեղափոխվեն Պետերբուրգ: Ու տասը տարի ընտանիքով Պետերբուրգում բնակվող գործարարը որոշում է շնորհակալություն հայտնել մարդուն, որն այդքան բան է արել մեր ազգի համար: Այդպես էլ ծնվում է կայսեր հուշարձանը կանգնեցնելու գաղափարը: Կիրովսկում Հրաչյա Պողոսյանի ջանքերով այլ հուշարձաններ էլ են կանգնեցվել՝ Հիշատակի խաչ, «Լենինգրադի պաշարման ճեղքումը», խաչքարեր: Նրա ջանքերով են կանգնեցվել նաեւ Էջմիածնի Մայր տաճարի մուտքի մոտ տեղադրված խաչքարերը:
Իսկ Պյոտր Մեծին նվիրված հուշարձանի բացմանը մասնակցել է նաեւ Հայաստանից մեկնած 12 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մուրազ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետը, Աշտարակի քաղաքապետը եւ այլք: Կիրովսկի եւ Աշտարակի միջեւ կնքվել են համագործակցության պայմանագրեր: Նախարարի խորհրդականն, ի դեպ, դատարկաձեռն չի մեկնել: ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար պատվոգրերով եւ ժամացույցներով են պարգեւատրվել այժմ ՌԴ-ում բնակվող մի շարք պահեստազորի սպաներ: Իսկ պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանը պարգեւատրվել է նաեւ Իսակովի մեդալով: Պատվոգրեր եւ հուշամեդալներ են հանձնվել նաեւ ԵԿՄ-ի եւ ՀՀ սփյուռքի նախարարության անունից: «Բավականին մեծ եւ ճոխ միջոցառում էր կազմակերպված, եւ ես ինձ շատ լավ զգացի, որ այդ ամենում մեծ լումա ունի նաեւ հայազգի զավակը` եւս մեկ աստիճանով բարձրացնելով հայի ոգին: Պյոտր Մեծի արձանի վերականգնումը, կարծում եմ, նոր իմպուլս տվեց հայ-ռուսական հարաբերություններին: Ես ուրախ եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդվում են, քանի որ մենք ռուս ազգի հետ եւ լավ օրեր ենք տեսել, եւ վատ, եւ հաղթանակել ենք, եւ պարտվել, միասին մեծ ճանապարհ ունենք անցած»,- մեզ հետ զրույցում ասաց Մուրազ Սարգսյանը: Պարոն Սարգսյանը նաեւ Հրաչյա Պողոսյանին առաջարկել է Հայաստանում էլ, ասենք՝ Սյունիքում, Իսրայել Օրու եւ Պյոտր Մեծի արձանները կանգնեցնել: Սյունիքում, քանի որ Իսրայել Օրու ծննդավայրը Սյունիքն է: «Հայաստանում էլ մի այդպիսի հուշակոթող պիտի լինի, որպեսզի սերունդները իմանան պատմությունը ու հայ-ռուսական պատմությունից դասեր քաղելով՝ ապագայի համար կարողանան ճիշտ որոշումներ ընդունել»,- ասում է Մուրազ Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը ՌԴ-ում հանդիպումներ է ունեցել նաեւ հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ, հայկական դպրոցներին նվիրել է հայկական դասագրքեր, տեսաֆիլմեր` հայազգի հերոսների, արցախյան պատերազմի մասին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ