Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին:
Նա Aravot.am-ին առայժմ պատմեց, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. «Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են»;
Մեր հարցին, թե ինչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել, պարոն Բուդաղյանն ասաց. «Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք»:
Մեր հարցին, թե հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել, ասաց` ոչ. «Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա Չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, իր որդիներին թիկունքից կրակողները Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահն է եղել. «Թիկնապահն իրավունք ունի՞ առանց իր հանձնարարությամբ որեւէ մեկին կրակի»:
Մեր հարցին` իսկ ո՞վ է եղել վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասաց. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել: Տեսանյութում եմ նայել»:
Մեր հարցին` տեսանյութում հստակ երեւո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանն է վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը չի երեւում, գնդակի ուղղությունը ցույց է տալիս, որ բարձրից կրակած է: Հետո նոր երեւի տեսել է երեւույթը, վերջում ինքն էլ է կրակել: Տեսանյութում Սուրիկ Խաչատրյանը երեւում է միայն մեքենայից իջնելիս, էլ դրանից հետո չի երեւում, որովհետեւ նախապես իմացել է, թե տեսախցիկներն ինչ ռակուրսից են նկարում»:
Մեր հարցին, թե վերեւի կրակոցից Բուդաղյանները վիրավորվե՞լ են, ասաց. «Կրիմինալիտիկան կասի, 5 գնդակ միայն Ավոյի մարմնի մեջ է եղել: Իրենց մարդիկ զինված կանգնած են եղել, ինչի համար են զինված եղել, եթե հարցեր չկային»:
Հիշեցնենք, որ news.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախօրեին ասել էր . «Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերացնեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել»: