Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Հուլիս 10,2013 13:33

Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

                                                                                                                  Դյուամել

Ու Լյովան «մեջի կուտակածն» ասաց, ասաց-հանգստացավ, ու մարդկայնորեն-ընկերական՝ ոչ որպես հրամանատար, տղերքին մեկ առ մեկ նայելով, ասաց, հարցրեց, ասաց՝ հասկացա՞ք,  եւ ասաց… բայց հեռակապը նորից խշշաց եւ «Մեծը» Լյովային ուզեց-հարցրեց հեռակապով, ու Լյովան  խոսքը կիսատ՝ հեռակապին մոտեցավ, եւ արդեն «Մեծի» հետ էր զրուցում, ու «Մեծն» ասաց՝ հանկա՜րծ, չքնե՛ք, հստակ է, մեծ հարձակում է լինելու՝ հանկա՜րծ չքնեք, եւ Սերոժ-դային ասաց՝ ասա՝ քիչ ասա, սենց օր մարդ կքնի՞, որ անընդհատ  կրկնում ես։ Ու «Մեծն» ասաց՝ էն ներքեւի մասում «շուշեքը» դրել ե՞ք, ստուգվա՞ծ  են, որ անցնող լինի՝ կճաքե՞ն, եւ Լյովան ասաց՝ հա՜, մարդը՝ հա՛,  ու «Մեծն» ասաց՝ բա «վա՞գրը», եւ Լյովան ասաց՝ մեր անտառներում «վագր» որտեղի՞ց, եւ «վագրի» «շուշա» մեզ որտեղի՞ց, եւ «Մեծն»  ասաց՝ բա որ անցած օրը որսի ելաք, չհանդիպեցի՞ն, Լյովան ներվային-ծոր տալով ասաց՝ չէ՜, եւ «Մեծն» ասաց՝ էդ լավ չի՜, հետո նորից ասաց՝ հե՜չ լավ չի՝ որովհետեւ մեր ուրիշ որսկաններից… տեսել են… էդ կողմերում, ձեզնից ներքեւ՝ գիշերով որսի են ելել ու տեսել են. վեց հատ են, կատաղած «վագրեր» են, դեմը ելնես՝ կճղեն: Երեքը՝ ձեզնից ներքեւ-ձախում՝ անտառի մեջն են, էդ ուղղությամբ՝ մի երեք «շուշա» դրեք՝ թե ունեք… Նաեւ ասաց՝ «կակաչներին» չթողնեք-տիրություն կանեք, եւ քիչ սպասելուց հետո, ասաց՝ դե լավ, լավ դե։ Ու Սերոժ-դային ասաց՝ ա՜, բա սենց տղային գեներալ չեն տա՞՝ ով ասես, որ գեներալ չդառավ… պի՜նդ, ամո՜ւր, հանգի՜ստ, վըստա՜հ, ժողովրդի խաթրով  գնացո՜ղ, ժողովրդի հարգանքը վայելա՜ծ, բա թիկունքում փափուկ նստածն էլ գնդապետ լինի, ինքն է՜լ։ Եւ Մոսին ասաց` ո՞ւմ մասին ես ասում, եւ Սերոժ-դային ասաց` «Մեծի», էլ ո՞ւմ՝  կոմանդիր-պոլկայի, ամբո՜ղջ քանի տարի է, է՜, շրջանի  հրամանատարն է, եւ ո՞ւմ է մի թթու խոսք ասել, շա՜տ ճիշտ պահվածք ունի, շա՜տ, ու դրանից է, որ ամբողջ ձորակի ժողովուրդը հարգում է նրան, ու քանի  տարի է, է՜, Աղդամին հուպ տված պահում է: Ու պահեց էս ձորակը, պահեց: Թուրքից պահեց էս ձորակը՝ ապրի: Ու Մոսին ասաց`  ոնց գցում-բռնում եմ՝ վա՜յ թե հլա Աղդամն էլ վերցնի, ու վա՜յ թե հլա՝ Աղդամն էլ վերցնենք ու անունն էլ իրա իսկական-մեր պապական՝ «Ակնը» դնենք: Ու Սերոժ-դայու աչքերը պսպղացին-կայծկլտացին, բայց հանգիստ ընդունեց ու հանգիստ ասաց՝ ա՛, խոխա յը՞ս տո՛ւ՝ դու հլա գյուղդ պահի՛ր Աղդամից՝ մերը չմեռնի… մի տես՝ ո՜նց է եկել-լցվել ոտքերիդ տակը՝ ծերը չի երեւում՝ վերցնե՞լ կլինի. 1980 թվականին Աղդամը 120  հազար բնակչություն է ունեցել՝ հանրագիտարանո՞ւմ, թե՝ թերթում եմ կարդացել, իսկ հիմա  1992 թվականն է՝ տաս-տասներկու տարի է անցել՝ դե, մի տես, թե ինչքա՜ն լցված կլինեն, է՜: Դրանց տեսակն էդ է՝ լա՜վ բերում-լցնում են, ու նաղդ, տաս-տասներկու տարվա մեջ՝ մի՝ 60-80 հազարով ավելացած կլինեն, մի՝ 60-80 հազարով հաստա՛տ ավելացած կլինեն. 180-200 հազար մարդու՝ խոխա՜, կի՜ն, տղամա՜րդ՝ մի օրվա մեջ՝ որտե՞ղ քշես, հո ծովը չե՞ս լցնելու: Ու Մոսին ասաց՝ խոխա-կին որտե՞ղ է մնացել՝ խոխա-կանանց Բաքու են տեղափոխել, ու սա՜ղ զենքով-կռվողներ են ստեղից-ընդեղից բերել-լցրել էդ անտերը, տղերքը տեսել են՝ մեջները չեչեններ ու երկու-մետրանոց նեգրեր էլ կան՝ «Վիլիսից» պարանով կապես-քշես՝ «Վիլիսը»՝ «ռազդատկան» միացրած՝ տեղում կմեխվի-կկանգնի՝ լա՜վ-ծանրաքաշ դիակներ են…  ու ասաց՝ դե, քեզ ո՞վ ա ասում՝ մի օրվա մեջ, դու էլ՝ հանգի՜ստ-դանդաղ՝ երկու շաբաթվա մեջ… ծովը լցրու: Ու Մոսին շարունակեց ու ասաց՝ ուղղաթիռով Երեւանից եկող կար, ու ասում է՝ Վազգենը՝ Սպարապետը, էն հարձակման օրերին մեր գյուղ գալուց-գնալուց հետո՝ մեզ գովել է Երեւանում, ու Հայաստանի հեռուստատեսությամբ` խոսքի մեջ` հայտարարել է, ու ասել է՝ ա՛յ, ձեզ օրինակ՝ փոքրիկ Խրամորթը 120.000-ոց Աղդամին խեղճցրած է պահում: Ու Սերոժ-դային ոգեւորված ասաց՝ ճի՞շտ, ու ոգեւորված ասաց՝ ա՜յ, քեզ տղա եմ ասում, հա՜, ասես, մեր հողով շաղախված-քաղցր-քաշող մի բան կա մեջը՝ ի՜նչ լուսավոր տղա է՝ հալալ նրա ծնողներին: Հալա՛լ նրա ծնողներին: Որ էդ անընդհատ հարձակումների-նեղ օրերին Երեւանից եկավ-մեր սահմանային գյուղ հասավ ու՝ ռմբակոծությունների, կրակոցների տակ եկավ-դպրոցի ներքնահարկ մտավ ու ժողովրդի մեջ կանգնած, ձեռքը հերթով մեր ուսերին դնելով-մեր որպիսությունը հարցնելով՝ մեզ քաջալերեց… Ա՜յ, քեզ տղա եմ ասում… Հալալ նրա ծնողներին՝ հալա՛լ: Բա տենց տղա տեսնելով… թուրքը ո՞վ է, որ չխեղճացնենք՝ ա՜յ, քեզ տղա եմ ասում: Ու Մոսին ասաց՝ բա՝ մեր Արմենի ընկերն է, բա՝ ձեռը չդրե՞ց Արմենի ուսին ու ասաց՝ ուրեմն, էս քո՛ գյո՞ւղն է, ուրեմն, քո բուժքույր-մորաքո՞ւյրն է զոհվել… Բա Արմենը կողքը կանգնած գյուղի նախագահին՝ Սահակյան Էդիկին ցույց չտվե՞ց ու ասաց՝ Վազգեն, Էդիկն էլ՝ բուժքույր-մորաքրոջս՝ վաղամեռիկ Ռոզայի ամուսինն է, տղերքի գլուխն անցած՝ գյուղի նախագահ որպես՝ Աղդամի բերանին-սահմանն էր պաշտպանում էդ ռմբահարության օրը, ու 36-ամյա մորաքույրս պատի տակ կռացել-ձեռքերը տարածել ու չորս անչափահաս երեխաներին է իրենով ծածկել, ու ականջի տակ կպած ականի բեկորից արյունաքամ եղել-մահացել է հիվանդանոցի ճանապարհին՝ «երեխեքը՜ս»՝ մահանալուց-մեն մի բառ մրմնջալով ճանապարհին… Բա Վազգենը ձեռքը չի դրե՞լ Սահակյան Էդիկի ուսին ու՝ ուղիղ, դիմահար աչքերին նայելով-ասել՝ ցավում եմ, Էդի՛կ, ցավում եմ անժամանակ կորցրած-երիտասարդ կնոջդ համար, ցավում եմ, բայց պիտի պինդ լինես ու պինդ մնաս: Ու Սերոժ-դային ասաց՝ է՜, մի տես՝ քանի՜ տեղ՝ ինչքա՜ն ցավ է տեսել-տարել էդ տղան՝ մեր Սպարապետը… Ու Մոսին ասաց՝ բա՝ Արմենին չասա՞ց՝ վեր կաց, վեր կաց-հետս տանեմ Երեւան՝ գրող մարդ ես դարձել՝ կարդում եմ գրածներդ, վեր կաց-տանեմ՝ կիսատ պատմվածքներդ շարունակիր՝ ստեղ քո տեղը չի՝ քո գրվածքներում՝ դու ավելի կարեւոր ես, չնայած, ասեմ՝ կարդում եմ՝ կեսը դուրը՛ս է գալիս, կեսը՝ չէ՛… Բա՝ մեր Արմենի ընկերն է, Արմենը մի անգամ ասել է՝ էդ ամսագրում՝ «Գարունում» են ծանոթացել-ընկերացել՝ Վազգենն է մեր-Արմենի առաջին անտիպ պատմվածքները կարդացել-ուղղություն տվել-տպագրել: Ու Մոսին ինքն-իրեն ու Սերոժ-դայուն ասաց, մտմտունքով ասաց՝ բա ի՞նչ անես, դու չանես՝ իրենք են անելու՝ կռիվ է, պատերազմ է: Իրենք են անելու: Հիմա, որ եկել ու բկներիս կանգնել են, ու քուն ու դադար չեն թողնում, ու ամեն օր կրակում ու ռմբակոծում են, ամեն օր կրակում ու մարդ են սպանում-վիրավորում. բա ի՞նչ անես, չքշե՞ս-լցնես ծովը: Ու Մոսին շարունակեց կիսատ մնացածն ու կիսատ մնացած-իրեն տանջող-մտմտունքով ասաց՝ ո՞ւր ա՛՝ Մոնթեից էլ լավ գեներա՞լ՝ գեներալ ստացա՞վ, որ մեր կոմանդիր-պոլկային էլ տան: Ասես, մի ձեւի փոխվել է ամբողջ-հայությունը, ասես՝ սեփական դեմքո՜վ, սեփական սկզբունքներո՜վ, սեփական գաղափարներո՜վ մարդիկ՝ է՛լ պետք չլինեն ամբողջ-հայությանը: Նորմալ մարդիկ՝ է՛լ պետք չլինեն ամբողջ-հայությանը: Կամ պիտի՝ անգրագետ-բռի էշ լինես, խորամանկ-ժուլիկ-աֆերիստ լինես, կամ էլ՝ շողոքորթ-բանսարկու, ու՝ գործերդ աջ կգնան: Գործերդ աջ կգնան: Ու, թե հանկարծ էդ երեքից մեկն ու մեկը չեղար՝ գործերիդ՝ տորմուզ է, տորմուզ է գործերիդ, ու՝ «չուժոյ ես»՝ «մերը չես». սերո՛ւնդ, դե-գնա բան սովորիր էս դրվածքից: Ու՝ սերո՛ւնդ, դե քաղաքացի տուր քո պետության համար: Ու Մոսին ասաց՝ անգրագետ-բռի-«զըռի» ու լորձոտ-համակերպվող-շողոքորթի երկիր դառավ ամբողջ-հայությունը. դե, սերո՛ւնդ՝ քաղաքացի դարձիր քո պետությանը: Եւ Սերոժ-դային, որ արդեն չորս տարի որսորդական-մի կրականի հրացանը ձեռքին՝ տղաներից պոկ չէր գալիս, ասաց՝ հը՜մ, գլուխը մի քանի անգամ  կողքի տարավ-բերեց ու ասաց՝ հը՜մ, բայց սերունդը պիտի օրինակ ունենա, չէ՞, դաստիարակվելու։ Բա՝ Արմենը՜… մնացած տող-մո՜ղ գրող-գրողի տարածները՜… պիտի ճիշտը-սխալը գրեն, չէ՞: Պիտի՝ տեսա՛ծը գրեն, չէ՞՛: Էս անտերը 25 տարին մեկ, 50  տարին մեկ, հայն ու թուրքն իրար են տալու, ուզենանք-չուզենանք՝ իրար ենք  տալու՝ մեր արյունը իրարից փախչում է՝ էդպես է, բա սերունդը չտեսնի՞, որ՝ կռված, արյուն թափած մարդը գնահատվում է, գնահատվում է արյուն թափած մարդը: Լեզվանիները` չէ՛, բռիները՝ չէ՛, ժուլիկ-շողոքորթները՝ չէ՛, հենց՝ համեստ-ազնիվները: Հենց՝ կյանքով նվիրվածները: Կյանքով նվիրվածներն ու նրանց զավակներն ու մտերիմները: Սերունդը պիտի օրինակ ունենա, չէ՞, դաստիարակվելու։ Էս անտերը պիտի գրվի, չէ՞՝ կռվի՜, կռվողի՜, գլուխ պահողի՜, շողոքորթի՜, անազնիվի՜, բռիի՜, թալանչիի՜, սովածի՜, կուշտուկռուի՜, անկեղծի՜, արդարի՜, անարդարի՜… վերաբերյալ ու մասին: Ես պիտի իմանամ, համոզված լինեմ, չէ՞, որ ամեն-ինչը ճիշտ է դատվելու-ճիշտ է գնահատվելու, որ դոշ տված, հետ չնայելով՝ գնամ: Պիտի գրվի, չէ՞: Սերունդը պիտի ճիշտը կարդա ու ճիշտը իմանա, չէ՞: Սերունդը պիտի ճիշտը կարդա ու ճիշտ եզրակացություն անի, չէ՞: Կռվող տղան պիտի իմանա չէ՞, որ իր մասին ճիշտն են գրելու: Պիտի իմանա՞, թե՝ չէ՞, որ իր գնալուց հետո՝ կինը-երեխեքը սոված չեն մնալու: Ու Լյովան ասաց՝ դե, լավ եք, էլի, ախպոր նման, ու խրամատում նստած Արմենին ցույց տվեց ու ասաց՝ հիշում ե՞ք՝ առաջին տարիներն էր, ու Արմենը թերթում մեր մասին՝ «Որձաքարերն» ու «Սահմանագծին» պատմվածքները տպագրեց-բերեց-խրամատում-մեզ կարդաց: Ու ամեն-մեկդ ձեր չափով թթվել-մթնվել էիք՝ բա խի՞ ինձ սենց չէիր ներկայացնում, նենց էիր ներկայացնում, բա՝ դեպքն էսինչ տեղը չէր, էնինչ տեղն էր, բա՝ մեծ-հիմնական խրամատը ուրիշ տեղ էր, իսկ գերեզմանոցի կողքինը՝ փոքր խրամատ էր, բայց դրա վրա էիր կենտրոնացել… բա՝ էդ խոսքը Էդոն չէր ասել՝ ես եմ ասել, բա՝ ծառի տակ չէինք խոսում՝ քարի վրա նստած էինք խոսում, բա՝ գնդացիրը իրա ձեռը չէր՝ իմ ձեռն էր, բա՝ հոնորար ե՞ս ստացել՝ ինչքա՞ն ես ստացել… Էս մարդը քիչ էր մնում պայթեր ձեր՝ մթնված-պնդաճակատ-անառարկելի դատողություններից՝ վավերագրական գործն ու գեղարվեստական գործն իրար խառնել ու չեք տարբերում իրարից, չեք ուզում տարբերել իրարից: Ու ինքներդ-ձեր մեջ ու ձեր միջեւ մրցության մեջ մտած՝ ի՞նչ՝ արդարի-անարդարի կռիվ եք դրել: Ձեր մեջ ու ձեր միջեւ մրցակցության-մրցության մեջ մտած՝ ի՞նչ՝ արդարի-անարդարի կռիվ եք դնում: Ասում եմ՝ ինչ էլ անեմ, ինչ էլ խոսեմ՝ մի ձեռքիս գիրքն է, ու ամբո՜ղջ օրը գիրք եմ կարդում՝ ծիծաղում-ձեռ եք առնում: Կարդացած մարդը՝ սյուժե, սցենար, գրվածքի գաղափար… վավերագրական ու գեղարվեստական գործ՝ տարբերում է: Գիրքը մարդուն մեծահոգի է դարձնո՜ւմ, լայնախոհ է դարձնո՜ւմ՝ մթնված չի պահում. ամեն-ինչը էդքան ծանր-չարացած մի տարեք. գիրքը մարդուն բարի է դարձնում: Գոնե, լավ եք հիշում, չէ՞, որ Մհերը կանգնեց ու ասաց՝ բա խի՞ ես ինձ բեղերով նկարագրել… Ու պարզվում է՝ ինքը պատմվածքի մեջ չկա էլ, ուղղակի, հերոսներից մեկի անունը Մհեր է ու բեղերով է, ու պատմվածքն էլ գեղարվեստական գործ է: Գեղարվեստական գործն էլ՝ հավաքական գործ է՝ հավաքական կերպարներով՝ ընդհանուր բան ունի ասելու…

Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031