Այսօր «Հենարան» ակումբում ազատամարտիկների իրավունքների ու խնդիրների մասին խոսեցին պահեստազորի փոխգնդապետ Սամվել Եղիազարյանը, պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը եւ պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանը եւ Կարեն Մելիքբեկյանը: Կարեն Մելիքբեկյանի խոսքով` «Այսօր հայ ազատամարտիկները լուրջ սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից, մեկ ամիսը լրացել է, բայց մենք վարչապետ Տիգրան Սարգսյանից դեռ պատասխան չենք ստացել: Մենք մեր առաջարկները ներկայացրել էինք: Եթե այդ հարցերը չլուծվեն, այսօր ազատամարտիկի բարոյական կերպարը չի վերականգնվի»:
Մելիքբեկյանը գտնում է, որ երկրի վիճակը ծանր է, ՀՀ կառավարությունը խնդիրներ ունի, ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա ըստ նրա`«Թող հանկարծ չփորձեն տղաների գլուխը լցնել, կամ նրանց շեղել, քանի որ նրանք ահանջում են, որովհետեւ արժանի են: Խնդրել եղել է քսան տարի առաջ, բայց ուշադրություն դարձնող չի եղել, իսկ պետությունից պետք է պահանջես… Բոլոր այն տղաները որոնք իրենց լուման ունեն ու այս երկրում իրենց ստրուկ են զգում, պետք է պահանջեն:
Տիգրան Կարապետյանի մեկնաբանմամբ էլ`ազատամարտիկների սոցիալական վիճակը շատ ծանր է եւ նրանց ստացած թոշակը շատ քիչ է. «Այս թանկացումների պայմաններում, այդ թոշակը չի հերիքում, որ համ կոմունալ ծախսերը կարողանաս մուծել, համ էլ ընտանիքդ պահել»:
Գեւորգ Տեր-Գեւորգյանի խոսքով էլ` այսօր համազգեստ հագած մարդու նկատմամբ ոտնձգությունն անպակաս է, եւ եթե համազգեստ հագածին տարբեր որակումներ են տրվում` ասֆալտի ֆիդայիններից, մինչեւ չգիտեմ ինչ, ապա նրանց նկատմամբ պատիվն ու հարգանքը այսպիսին պետք է լինի:
Կարդացեք նաև
Բանախոսների հավաստմամբ, որպեսզի զինվորականների, սպաների, ազատամարտիկների նկատմամբ դժբախտ, անցանկալի դեպքեր չլինեն, ՀՀ կառավարությունը պետք է բարոյական գնահատականներից ելելով հանդերձ, բոլոր պարտականություններն ու իրավունքները ամրագրի օրենքով: Եվ առ այսօր ազատամարտիկները իրավական կարգավիճակ չունեն, մինչդեռ նրանք դա շատ են կարեւորում:
Ազատամարտիկները հավաստիացրեցին, որ իրենք այսօր, այս վիճակում էլ պատրաստ են կռվել հանուն հայրենիքի, եւ կանգնած են բանակի կողքին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ