Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուշացած պատասխան «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողմա՞նը

Հուլիս 10,2013 12:41

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ընթացքում ուշագրավ մտքեր է արտահայտել՝ խոսելով Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման իրավական հարցերի շուրջ, նկատելով, որ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն:

«Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաեւ գույքային եւ տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցո՞ւն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները․․․»,- նշել է նա:

Ա․ Հովսեփյանը բարձրաստիճան պաշտոնյա է, որը առանձնապես հաճախ չի ելույթներ ունենում ու դիրքորոշումներ արտահայտում նույնիսկ իր ոլորտի եւ ղեկավարած գերատեսչությանն առնչող թեմաների շուրջ: ՀՀ գլխավոր դատախազի մակարդակով Թուրքիային ուղղված պահանջը՝ «ՀՀ-ն պետք է ստանա իր կորցրած տարածքները» ձեւակերպմամբ՝ ոչ միայն կարելի է սենսացիոն հայտարարություն համարել, այլեւ պաշտոնական Երեւանի կողմից արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, որովհետեւ ՀՀ արտաքին քաղաքականության նման առաջնահերթություն չունի պաշտոնական Երեւանը:

Եթե փոխհատուցման մասին ժամանակ առ ժամանակ խոսակցություններ հնչել են, ապա ՀՀ բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի կողմից՝ կորցրած տարածքների վերադարձի պահանջ չի հնչել: Նորանկախ Հայաստանի երեք նախագահներից որեւէ մեկը Թուրքիայից տարածքները հետ ստանալու ակնարկ անգամ չի արել:

Իհարկե, ՀՀ գլխավոր դատախազը կարող է ասել, որ ներկայացրել է իր տեսակետը (մանավանդ, որ վերջերս հնչում են կարծիքներ, թե նա այլեւս չի շարունակի պաշտոնավարել, քանի որ շուտով լրանում է նրա գործունեության 6-ամյա ժամկետը), բայց դա այնքան էլ արժանահավատ չի հնչի, քանի որ՝ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով միջոցառումը այնքան էլ հարմար հարթակ չէ անձնական պատկերացումներով կիսվելու համար: Փորձենք, ուրեմն, հասկանալ, թե ինչու ՀՀ իշխանությունների կողմից նման հայտարարություն հնչեց: Նախ արձանագրենք՝ կարո՞ղ էր Ա․ Հովսեփյանը առանց Սերժ Սարգսյանի իմացության նման հայտարարություն անել: Հազիվ թե:

Բացի այդ, ուշագրավ է, որ ՀՀ գլխավոր դատախազը շոշափել է նաեւ Ցեղասպանության թեմայի այլ շերտեր՝ միջազգային ապահովագրական ընկերությունների որոշումները, որ պետք է վճարեին ցեղասպանության զոհերի ժառանգներին համապատասխան ապահովագրական վճարներ եւ փաստը, որ դա դադարեցվել է: ՀՀ գլխավոր դատախազն անժխտելի է համարել այդ հարցում Թուրքիայի ճնշումների դերը՝ շեշտելով, որ մեկ դար է, ինչ, հայ-թուրքական հարաբերությունները դոփում են տեղում եւ նման իրավիճակի պատճառը միայն Թուրքիայի ժխտողական դիրքորոշումն ու գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները չեն: Ինքնաքննադատական այս խոստովանությունը հետաքրքրական է, քանի որ, իսկապես, «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից բացի, գործող իշխանությունները չեն կարող հպարտանալ, օրինակ, Ցեղասպանության ճանաչման գործընթացում արձանագրած ձեռքբերումներով:

Փաստորեն, իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ իրավական հարթությունում, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով լուծման մասին են բարձրաձայնում: Մեկ հատկանշական փաստ եւս․ Ա․ Հովսեփյանը նաեւ ադրբեջանցիներին հակընդդեմ պահանջ ներկայացնելու մասին է խոսել, մատնանշելով՝ 1921թ. պայմանագիրը, որով Նախիջեւանն անջատվել է Հայաստանից եւ որպես ինքնավար նահանգ հանձնվել է Ադրբեջանի հովանավորությանը․ «Առայժմ չանդրադառնալով Մոսկվայի 1921թ. մարտի 18-ի պայմանագրի օրինականությանը, նշեմ միայն, որ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հունիսի որոշմամբ ինքնագլուխ վերանայվեց նշված միջազգային պայմանագիրը, փոփոխվեց Նախիջեւանի կարգավիճակը, եւ այդ երկրամասը դուրս բերվեց Ադրբեջանի հովանավորության տակից եւ ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Այդ որոշումը միջազգային իրավունքի այնպիսի կոպիտ խախտում էր, որ նույնիսկ Թուրքիայի կառավարությունը 1923թ. հուլիսին հանդես եկավ բողոքի նոտայով եւ Ադրբեջանի Կենտգործկոմի այդ որոշումը գնահատվեց որպես բռնազավթում», ասել է նա:

Այսպիսով, պաշտոնական Երեւանը ամրագրել է, որ Հայաստանը տարածքային վեճեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազի մակարդակով արձանագրվել է, որ այդ վեճերի իրավաբանական լուծման հանար անհրաժեշտ է պատրաստել հայցային փաթեթ եւ այն ներկայացնել նույնիսկ հետագայում՝ ՄԱԿ-ի իրավական վճիռներ կայացնող հիմնական մարմնին՝ Արդարադատության միջազգային դատարանին:

ՀՀ իշխանությունները հավանաբար որոշել են կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայից կլինեն համարժեք արձագանքներ: Մնում է բաց հարցը, թե ինչ է շահելու դրա արդյունքում Հայաստանը եւ արդյոք այդ նոր պահանջները ուշացած պատասխա՞ն չեն ձախողված «ֆուտբոլային դիվանագիտությանը» եւ գուցե ձգտում՝ միջազգային հանրությանը ստիպելու՝ Թուրքիայի ուղղությամբ ճնշումներ իրականացնելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տեղադրված ֆոտոնկարը կարելի է վերնագրել,՝ ՀՐՃՎԱՆՔ ԵՎ ԶԱՐՄԱՆՔ: Երբ ֆուտբոլային
    դիվանագիտության մեջ, գնդակի դերում հայտնվածը լիաթոք հրճվում է, իսկ հակառակորդը
    զարմանում նրա անսահման խրթին լինելու վրա:
    Ինչ վերբերվում է գլխավոր դատախազին,- ապա խորհուրդ կտայի մինչև՝ ծիծաղելի պահանջատեր
    ներկայացնելը՝ մեր կորցրածին հարյուր տարի առաջ, հարկավոր է ձեր բանդայի կողմից կողոպտածը երկրից վերջին տաս տարիների ընդացքում, ետ բերել: Մի թե՛ այդ իրավաբանների մեջ չկային մարդիք, ովքեր խիղճը, ամոթը, նամուսը, թասիբը, ինքնասիրությունը, հարգանքը մասնագիտության հանդեպ, ավելի բարձր գնհատեին՝ քան զեկուցողի ցինիկ դեմագոգիան: Մի՞ թե՛ այս հրեշավոր
    վարակը, որը բռնել է Հայաստան աշխարհը, տարածվում է նաև սփյուքի վրա: Էլ որտեղ մնաց
    մարդկային ամենահասարակ տրամաբանությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031