Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեղուտ» ՓԲԸ-ն քննարկում է իր հնարավոր գործողությունները բնապահպան ակտիվիստներին «համարժեք իրավական գնահատականի» ապահովման ուղղությամբ

Հուլիս 10,2013 12:25

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի ջրամատակարարման խողովակաշարի շինարարական-մոնտաժային աշխատանքների տեղամասերից մեկում 2013 թ. հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում կատարված հողային աշխատանքների ընթացքում՝ աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից դիտվել են մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ տեղամասում հողային աշխատանքները չեն շարունակվել, և երևույթին մասնագիտական գնահատական տալու նպատակով տարածք է հրավիրվել ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչը: Ընկերության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ու անվ­թարայնու­թյան ապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտը Ընկերության հետ կնքված պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հնագիտական պեղումներ և այլ ուսումնասիրություններ է իրականացնում Ընկերության տարածքում, ինչպես նաև՝ մասնագիտական մշտական վերահսկողություն է ապահովում հողային աշխատանքների ընթացքում հնարավոր հայտնաբերվող հուշարձանների և այլ պատմամշակութային արժեքների գնահատման և պահպանության միջոցառումների նկատմամբ:

Մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը փաստել է, որ մինչ տվյալ տարածքում որևէ հողային աշխատանք սկսելը ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի արշավախումբը հնագիտական դիտարկումներ ու մակերևույթի այլ ուսումնասիրություններ է իրականացրել այդ վայրերում և որևէ հուշարձանի արտաքին նշաններ չի հայտնաբերել: Հողային աշխատանքներ տվյալ տարածքում իրականացվել են միայն դրանից հետո:

Ընկերության ներքին իրավական ակտերով՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կարգավորված են նաև այն դեպքերը, երբ հնագիտական դիտարկումները և մակերևույթի ուսումնասիրությունները մշակութային ժառանգության արտաքին նշաններ չեն հայտնաբերում, սակայն բուն հողային աշխատանքների ժամանակ դիտվում են մշակութային շերտի հետքեր, տվյալ դեպքում՝ մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: Այդպիսի դեպքերում հողային աշխատանքները դադարեցվում են, և հրավիրվում է համապատասխան մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը, ինչն էլ տվյալ դեպքում կատարվել է:

Ըստ մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչի նախնական գնահատականի՝ տվյալ տեղամասում դիտված ոսկրային մնացորդները կարող են ունենալ 300-ից 500 տարվա վաղեմություն և հնագիտական կամ պատմամշակութային արժեք չեն ներկայացնում:

Հայտնում ենք նաև, որ 2013 թ. հուլիսի 5-ի կեսօրին մոտ, բնապահպան ակտիվիստ ներկայացող անձանց մի խումբ ապօրինի կերպով մուտք է գործել Ընկերության տարածք, կատարել տեսագրություններ ու լուսանկարահանումներ և շահագրգիռ հանրության շրջանում տարաբնույթ թյուրիմացություններ առաջացնող մեկնաբանություններով դրանք տարածել սոցիալական ցանցերով, որտեղից էլ թյուրիմացությունները թափանցել են համացանցային լրատվամիջոցներ: Ընկերությունը ներկայում քննարկում է իր հնարավոր գործողությունները՝ տեղի ունեցածի համարժեք իրավական գնահատականի ապահովման ուղղությամբ:

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031