«Արարատյան դաշտավայրում ստեղծվել է լարված իրավիճակ. մարդիկ զրկվում են խմելու եւ ոռոգման ջրից, եւ մենք այդտեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք»,- այսօր կառավարության նիստում այսպիսի մտահոգություն հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետին են դիմել մի շարք բնապահպաններ, հասարակական կառույցներ՝ խնդիր բարձրացնելով, որ Արարատյան դաշտի խորքային հորային ջրերը գնալով նվազում են եւ այն լուրջ խնդիրներ է առաջացնում արարատցիների համար:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ կառավարությունը մեծ գործընթաց է սկսել ջրերի արդյունավետ օգտագործման համար: Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ներկայացնի այդ հարցի լուծման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր:
«Խոսքը գնում է Արարատյան դաշտավայրի խորքային հորերի անօրինական օգտագործման մասին: Ձկնաբուծարաններն էլ վաղ թե ուշ կանգնելու են այդ խնդրի առաջ»,- ասաց պարոն վարչապետը:
Կարդացեք նաև
Նրա տվյալներով՝ ներկայումս Արարատյան դաշտում գործում են 300 անօրինական գործող խորքային հորեր: Նա բնապահպանության նախարարությանը հանձնարարեց վերահսկողությունն ուժեղացնել եւ տուգանքների արդյունքում առաջացած գումարներն ուղղել այդ հորերի կոնսերվացմանը: Ըստ վարչապետի՝ մեկ հորի կոնսերվացման համար պահանջվում է 1 մլն դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ