«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած սեմինար-քննարկման թեման էր` «Ուկրաինան` ԵՄ ինտեգրման ճանապարհին»: Զեկույցով հանդես եկավ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Նա պատմական ակնարկ արեց, թե ինչպես է Ուկրաինան հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ: Դեպի ԵՄ Ուկրաինայի քաղաքացիների տեղաշարժը կարեւորելով՝ դեսպանը նշեց, որ 2007 թվականին է ստորագրվել վիզաների դյուրացման համաձայնագիրը:
Ապա դեսպանը նշեց, որ ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում քննարկվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցը: Ուկրաինայի անկախության առաջին իսկ տարիներից ԵՄ-ի հետ հարաբերությունները Ուկրաինայի առաջնահերթություններից մեկն է եղել, նշեց դեսպանը:
ԵՄ-ի եւ Ուկրաինայի ինտեգրումը կարեւորելով՝ դեսպանը նշեց նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաեւ Մաքսային միության հետ փոխհարաբերությունները: Ուկրաինան ընտրել է եվրոինտեգրման ճանապարհը, սա հստակ է, եւ այդ ճանապարհը ընտրել է մեր ժողովուրդը՝ ասաց պարոն դեսպանը, միաժամանակ հավելելով, որ Ուկրաինան նաեւ ԵվրԱզԵս-ի հետ հարաբերություններ ունի, եւ դա ամենեւին չի հակասում ԵՄ-ի հետ Ուկրաինայի ինտեգրմանը: Դեսպանը հավելեց, որ չարժե դրանք իրար հակադրել: Նա մատնանշեց մի քանի ամիս առաջ ստորագրված հուշագիրը, որով Ուկրաինան դիտորդի կարգավիճակ ստացավ ԵվրԱզԵս-ում, կրկնելով, որ ԵՄ-ի հետ հարաբերություններին չի հակասում:
Կարդացեք նաև
Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ արդյոք Ուկրաինան ճնշումնե՞ր է զգում Ռուսաստանի կողմից. «Անձամբ ես ոչ մի ճնշում չեմ զգում», կատակելով հայտարարեց դեսպանը:
ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի հետ առեւտրային գործընկերներ են՝ նշեց դեսպանը, այդ երկրների հետ հարաբերությունները նույնպես կարեւորելով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ