Eurasiadoc նախագծի շրջանակներում ԵՄ աջակցությամբ հուլիսի 7-ից մեկնարկել է Եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովը, որը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը: Եվրասիական վավերագրական ֆիլմերի միջազգային իրադարձությունը միավորում է ավելի քան 60 մասնագետների` ռեժիսորների, պրոդյուսերների և տարածողների Եվրասիայից և Եվրոպայից:
Եվրոպական Միության EuropeAid ծրագրի, ինչպես նաև Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի աջակցության շնորհիվ 2011թ. ստեղծված Eurasiadoc ծրագրի նպատակը եվրոպական և եվրասիական մասնագետների միջև` հեղինակային վավերագրական ֆիլմերի մասնագետների միջազգային ցանց ստեղծելն է:
Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվում է «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի հետ համատեղ:
Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Բարբը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Ֆրանսիական կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոն, Ստամբուլում Ֆրանսիայի Գլխավոր հյուպատոսության աուդիովիզուալ կցորդ Ֆաննի Օբեր-Մալորին և Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի ծրագրի համակարգող Անահիտ Դավթյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը այդ առիթով այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայերեն ողջունելուց հետո ասաց, որ այս տարվա կինոփառատոնը նշանավորված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ֆրանսիական ընդգրկվածությամբ; Նա վկայակոչեց մեր ժամանակների մեծագույն արվեստագետ Շարլ Ազնավուրի ներկայությունը փառատոնին:
«Կինոփառատոնի բացումը նշանավորվեց Ազնավուրի մասնակցությամբ՝ Ֆրանսուա Տրուֆոյի «Կրակել դաշնակահարին» ֆիլմով, «Ոսկե ծիրանի» փակումն էլ կլինի ֆրանսիական՝ «Փարաջանով» ֆիլմով, որի ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը դարձյալ ֆրանսիացի է՝ Սերժ Ավեդիքյանը: Ընդհանուր առմամբ ներկայացված է համատեղ արտադրության շուրջ քսան ֆիլմ…Ի դեպ, երեկ պարոն Գարանդոն մասնակցել է «Ռեժիսորներ առանց սահմանների» համաժողովին, նաեւ հանդիպել իր հայ գործընկեր Գեւորգ Գեւորգյանին, հայ-ֆրանսիական համագործակցության մասին քննարկումներ ունեցել եւ խոսել հայ գործընկերների հետ: Սա այն մոդելն է, որին շատ-շատերը կարող են նախանձել: Այնպես որ, պարոն Գարանդոյի այցը Հայաստան պատահական չէ»,-շեշտեց դեսպանը:
Անդրադարձ եղավ վավերագրական ֆիլմարտադրության ոլորտում Հարավային Կովկասի երիտասարդ ֆիլմարտադրողներին եւ կինոգործիչներին աջակցելուն:
Էրիկ Գարանդոն ասաց, որ CMC-ին՝ Ֆրանսիական կինոկենտրոնն այն կենտրոնն է, որը 1946 թվականին է հիրմնադրվել, այդ տարվանից էլ հենց Կաննի կինոփառատոնն է անցկացվում. « Մի մոտեցում, որը հնարավորություն տվեց Ֆրանսիական կինեմատոգրաֆի վերակառուցմանը: Սա մի կառույց է, որը ներառում է ոչ միայն ֆիլմարտադրությունը, այլեւ անգամ web համակարգում կինոյին վերաբերող ցանկացած բան …Երեկ երեկոյան կայացած ընթրիքի ժամանակ, որը նախագահում էր ՀՀ նախագահը, հունգարացի մի կինոռեժիսոր ասաց, որ կինոյի դաշտում աշխատող մարդու համար կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է ուզում վաճառել, այլ այն, թե ինչ է ուզում ասել: Ֆրանսիայում տարեկան 700 մլն-ի ներդրում է կատարվում կինոոլորտում, ինչը փաստում է, որ մեզ մոտ էականը արտահայտվելու ազատությունն է»:
Պարոն Գարանդոն հայտնեց, որ առաջնահերթ առաքելությունն է ներկայացնել իրենց կինոկենտրոնի անցած 65-ամյա ճանապարհը. «Միշտ ցանկացել ենք մեզ օժտել միջազգային նշանակությամբ եւ հեղինակային ֆիլմերի գործուն աջակցությամբ: Տարեկան 40 երկրի հետ 130 համատեղ կինոպրոդուկտ ենք տալիս: Իսկ Աշխարհի կինոյի ֆոնդը 5 մլն եվրո տարեկան ֆինանսավորմամբ կարողանում է աշխատել աշխարհի երիտասարդ կինոգործիչների հետ: Հայկական կինոյի ջիղի հանդեպ մեծ հավատ ենք տածում: Մեր աշխատակիցների մեջ շատ են հայկական ծագմամբ աշխատակիցները »: Նա փաստեց ֆրանսահայ անվանի կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանի մեծ դերակատարությունը ֆրանսիական կինոյում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ