Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային տրանսպորտը կթանկանա

Հուլիս 10,2013 11:43

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ մեր զրույցում ասաց, որ քիչ առաջ տնտեսվարողներից դիմումներ է ստացել ուղեվարձի սակագինը փոփոխելու առաջարկով։ Նավասարդյանի փոխանցմամբ, առայժմ նման հայտով դիմել են երկու ընկերություն, որոնք սպասարկում են 15, 22, 39, 71 համարների միկրոավտոբուսային, ինչպես նաեւ 45 համարի ավտոբուսային երթուղիները։ Նրա խոսքով, բոլոր երթուղիներից նմանատիպ դիմումներ ստանալու անհրաժեշտություն չկա եւ եթե ուղեվարձի չափը վերանայվի, ապա դա կվերաբերի բոլորին։ Համապատասխան որոշում կընդունվի արդեն առաջիկա օրերին։

Իսկ թե թվարկված երթուղիները սպասարկող կազմակերպություններն ըստ այդ հայտերի որքան են ցանկանում բարձրացնել ուղեվարձը, Հենրիկ Նավասարդյանը չասաց. «Ես չգիտեմ՝ ինչքան են ցանկանում։ Միեւնույն է, ինչքան էլ որ ցանկանան, մինչեւ քննարկում չանցկացվի, ոչինչ չեմ կարող ես ասել»։

Ավելի ուշ, սակայն, այլ լրատվամիջոցների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ երթուղիները սպասարկող ընկերություններն առաջարկել են գործող 100 դրամ սակագինը բարձրացնել 50-70 դրամի չափով։

Ի դեպ, նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը երեկ անհամաձայնություն հայտնեց մեր թերթի նախորդ օրվա համարում տեղ գտած հրապարակման հետ, թե՝ եթե գազի սակագնի բարձրացման հետեւանքով չի թանկանում նաեւ ուղեվարձը, ապա դա երկու բան կարող է նշանակել՝ կամ մինչ այս մենք երթեւեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձ վճարելով ու տնտեսվարողները ստացել են գերշահույթներ, կամ էլ հիմա պարզապես ճնշումներ են գործադրվում այդ նույն տնտեսվարողների վրա՝ ուղեվարձն անփոփոխ պահելու նպատակով։ Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ իրենք պարզապես փորձում են խնդրի լուծման քաղաքակիրթ եղանակ գտնել։ Նրան խնդրեցինք հիշեցնել, թե հանրային տրանսպորտի ուղեվարձը որ թվականից է 100 դրամ։ Խոսքը տվյալ դեպքում միկրոավտոբուսային երթուղիների մասին է։ Ասաց, որ նշված սակագինը գործում է 1998-1999 թվականներից։ Նույն թվականներին 1 խմ գազի սակագինը 70 դրամ էր։ Դրանից հետո գազի սակագինն աստիճանաբար թանկանալով օրեր առաջ հատեց 156 դրամի սահմանագիծը։ Նշված ժամանակահատվածում էականորեն թանկացել են նաեւ ավտոպահեստամասերը, Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ ընդհուպ մինչեւ հարյուր տոկոսով։ Եվ ահա այս փաստերը գալիս են ապացուցելու, որ սկզբնական շրջանում 100 դրամ ուղեվարձը հիմնավորված չի եղել։ Տրանսպորտի վարչության պետն ասում է, որ իր պաշտոնավարումից առաջ տեղի ունեցածի համար ինքը պատասխանատվություն չի կրում։ Այժմ, ըստ նրա, վերջին թանկացումների հետեւանքով տնտեսվարողները վնասով աշխատելու խնդրի առաջ են կանգնել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031