Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը ո՞րն հարցում պիտի ՀՀ-ից օրինակ վերցնի. քննարկում են արտերկրի և հայ տնտեսագետները

Հուլիս 10,2013 11:39

Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր մեկնարկեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի  կազմակերպած միջազգային գիտաժողովը որի ընթացքում քննարկվեցին համաշխարհային տնտեսության հետճգնաժամային միտումները, Չինաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մարտահրավերներին առնչվող խնդիրներ:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի  տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ իրենց արտերկրա գործընկերների հետ փորձելու են մշակել ճգնաժամային իրավիճակներից  դուրս գալու առաջարկներ ու եղանակներ՝ ուսումնասիրելով այն փորձը, որ կա համաշխարհային տնտեսությունում, հատկապես Չինաստանում: Այնուհետև մանրամասնեց. «Կարծում եմ, որ կան բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ, որոնց անդրադառնալու ենք և որի նպատակով էլ հրավիրել ենք հեղինակավոր պրոֆեսորների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից՝ կիսվելու իրենց փորձով ու մոտեցումներով: Դա կօգնի նաև հայ գիտնականներին ու փորձագետներին մշակել զարգացման սցենարներ ու մոդելներ, ինչը հնարավորություն կտա պատրաստ լինել ոչ միայն այսօրվա, այլև ապագայի մարտահրավերներին ու հանկարծակիի չգալ փոփոխություններին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները: Թ. Մանասերյանը պատասխանեց. «Դրանք առաջին հերթին մարդկային կապիտալին են առնչվում, հատկապես երիտասարդ մասնագետների շրջանում խթանների ձևավորմանը, որ նրանց գիտելիքներն առավելագույնս օգտագործվեն ՀՀ-ում»: Զեկուցումներով հանդես եկան Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հեղինակավոր համալսարանների ճանաչված գիտնականներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ և փորձագետներ:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջորջ Պույան խոսեց կյանքի որակի և դրա՝ ներդրումների վրա ունեցած ազդեցության մասին՝ Միչիգանի օրինակով: Այս առումով փորձագետը կարևորեց տաղանդի դերակատարությունը ու մանրամասնեց. «Տաղանդը գրավում է տաղանդին, և արդյունքում քաղաքը հասնում է մի փուլի, որ  մագնիսի պես գրավում է տաղանդավոր մարդկանց: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կյանքի գրավիչ ապրելու պայմաններ ունեցող բնակավայրերն ավելի շատ են գրավում ներդրողներին»:

Դառնալով ՀՀ-ում հանքարդյունաբերական խնդիրներին, ամերիկացի փորձագետը նկատեց, թե  ՀՀ-ն ամենալավ բնապահպանական պայմաններում է գտնվում՝ հանքարդյունաբերության առումով: Այնուհետև շարունակեց. «ՀՀ-ն ունի հանքեր ու բնական պաշարներ, որոնք կարևոր գործոններ են: Տնտեսության համար կարևորագույն մարտահրավերներից է մտածել հեռահար նպատակների մասին: Օրինակ՝ Չինաստանը լուրջ խնդիրներ ունի այժմ. 2040-ին Չինաստանը կունենա թոշակի անցած աշխատողների բավականին բարձր ցուցանիշ»:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լաուրեն Աթվիթն էլ նշեց. «Հանքարդյունաբերության ոլորտում Չինաստանը վատ համբավ ունի. գրանցվում են բազում պատահարներ, վթարներ: Այս առումով Չինաստանը կարող է ՀՀ-ից դասեր քաղել ինչպես կազմակերպել անխափան ընթացք»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031