Կոստա-Ռիկայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Պումա» ակումբն իր կենտրոնական պաշտպանին վաճառել է բարձրագույն խմբի «Ունիվերսիդադ դե Կոստա-Ռիկային»:
Որպես 26-ամյա Ռոջեր Ֆալյասի դիմաց փոխհատուցում, ֆուտբոլիստի արդեն նախկին ակումբը պահանջել է 50 ֆուտբոլային գնդակ: «Մեզ համար պատիվ է մեր խաղացողին տեսնել բարձրագույն խմբում եւ մենք նրա ճանապարհը փակել չենք պատրաստվում: Բայց ֆուտբոլիստի համար ես պահանջել եմ 50 ֆուտբոլային գնդակ», – «Պումայի» նախագահ Ռիգոբերտո Չինչիլյիի խոսքերը մեջբերել է aldia.cr-ն:
Կոստա-Ռիկայի երկրորդ դիվիզիոնի ակումբների մեծ մասը հովանավոր չունի եւ ֆուտբոլիստները ոչ միայն աշխատավարձ չեն ստանում, այլեւ ֆուտբոլը համատեղում են իրենց հիմնական աշխատանքի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ