Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս տեղեկատվությունը որոշել են թաքցնել, ուրեմն ակնհայտ է, որ գումարները ամենեւին էլ «ազնվորեն» չեն ծախսվում

Հուլիս 10,2013 10:55

ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում առաջին հայացքից մի աննշան փոփոխություն է կատարվել։ «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից հեռացվել են 2013 թվականի ընթացքում այդ ռեժիմով կատարված գնումների մասին փաստաթղթերը։

Այսինքն, եթե մինչ այժմ կայքի հաճախորդները կարող էին մանրամասն տեղեկանալ, թե որ գերատեսչությունը ումից առանց մրցույթի ինչ ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերել, որքան է դրանցից յուրաքանչյուրի համար վճարել, ապա այժմ կայքում թողնվել է միայն ընդհանուր տեղեկությունը առանց մանրամասների։

Մինչդեռ, ամենահետաքրքիրը հենց այդ մանրամասներն էին։ Օրինակ, այն տեղեկությունը, որ Լուկաշենկոյի որդին հոր հետ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում որպես պաշտոնական պատվիրակության անդամ ՀՀ պետբյուջեի հաշվին է տժժացել տարբեր զվարճանքի կենտրոններում, կարելի էր իմանալ միայն կայքում տեղադրված փաստաթղթերից։

Հենց այդ նույն փաստաթղթերից էր հնարավոր տեղեկանալ, որ այս կամ այն գերատեսչությունը, ասենք, մի քանի հազար դրամանոց պլաստմասե ժամացույցի համար մի քանի տասնյակ հազար դրամ է վճարել բյուջետային միջոցներից։

Կամ, որ պատվիրակություններ ընդունելու ժամանակ կազմակերպած ուտուշ խմուշներին մեկ շիշ օղին կամ կոնյակը քանի դրամով են հաշվարկվում։ Եւ հենց այդ մանրամասներից ակնհայտ էին դառնում, որ բյուջետային միջոցները պարզապես մսխվում են։

Մեր թերթում եւ նաեւ այլ լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ այսպիսի տեղեկությունները ակնհայտորեն նյարդայնացրեցին բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նույնիսկ Սերժ Սարգսյանը չկարողացավ թաքցնել իր վերաբերմունքը այդ հրապարակումների նկատմամբ։ Հունիսի 26-ին Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրված «Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ» անվանումը կրող աղմկահարույց խորհրդակցության ժամանակ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից 1, 2 կամ 3 օր հետո դեղին մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին եւ այլն։ Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի եւ ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք։ Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք։ Գրում են, թող գրեն։ Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք»։

Իրոք որ, եթե այդ գումարները ծախսվում են «ազնվորեն», ի՞նչ խնդիր ունի իշխանությունը։ Ոչ մի։ Բայց եթե այդ տեղեկատվությունը որոշել են թաքցնել, ուրեմն ակնհայտ է չէ՞, որ գումարները ամենեւին էլ «ազնվորեն» չեն ծախսվում, այդ մասին գրող մամուլն էլ ամենեւին «դեղին» չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031