Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայէկոնոմբանկից» տարա՞ծք են խլում

Հուլիս 10,2013 10:28

Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով վարձակալներն ունեն տվյալ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք։ Այս դրույթը ոչ ոք չեղյալ չի համարել, սակայն այն համատարած խախտվում է։ Թվում է, թե մեծահարուստներն իրենց հարստությունն ավելացնելու այլ, ավելի արժանապատիվ ձեւ չունեն, քան միմյանցից տարածքներ խլելը։ Վերջերս ներկայացրել էինք, թե ինչպես է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը փորձում 20 տարվա վարձակալից խլել Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում գործող Երեւանի շուկան, ոտնահարելով վերջինիս իրավունքները, իսկ ՀՀ տրանսպորտի նախարարությունը, որին պատկանում է տարածքը, ամեն կերպ սատարում է օլիգարխին, համապատասխան հրաման ունենալով վերեւից։ Օրերս էլ մի նոր նմանատիպ պատմության մասին տեղեկացանք: Այս անգամ դեպքի վայրն Արտաշատ քաղաքն է, որտեղ «Հայէկոնոմբանկը» 1993 թվականից գործող իր միակ մասնաճյուղն ունի։ Հիշեցնենք, որ այս բանկի փայատերերի մեջ Սուքիասյանների ընտանիքն է։

Շենքը քաղաքի կենտրոնից մեկ խաչմերուկ ներքեւ է գտնվում, Աթարբեկյան փողոցում։ Ցանկացած արտաշատցի լավ գիտի այս հատվածը։ Բայց վերջերս քաղաքում լուր տարածվեց, որ «Հայէկոնոմբանկից» վերցնում են տարածքը՝ այլ կազմակերպության փոխանցելու համար։ Այս խոսակցությունները, բնականաբար, անհանգստացրին բանկի կառավարիչներին։ Մանավանդ, որ 2009 թվականին Պետգույքի կառավարման վարչության հետ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում էր, իսկ նոր պայմանագրում, որը «Հայէկոնոմբանկը» մտադիր էր վերակնքել, նոր եւ բավականին կասկածելի դրույթ հայտնվեց։ Պայման դրվեց, որ երկու ամիս առաջ ծանուցելու դեպքում բանկը պետք է ազատի տարածքը։ Զարմանալի չէ, որ բանկում տագնապ բարձրացավ։ Բանկի վարչությունը տեղեկություն ստացավ Արտաշատի բաժանմունքից, որ տարածքն ուղիղ վաճառքով ցանկանում են վաճառել ուրիշի։

Կասկածելով, որ իր մեջքի հետեւում մութ գործեր են արվում, «Հայէկոնոմբանկի» վարչությունն իր քայլն արեց, օգտվելով վարձակալի նախապատվության իր իրավունքից, դիմեց Պետգույքի վարչություն՝ տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով։ «Նախնական ինֆորմացիա ստացանք Արտաշատից, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է միջնորդել, որ ինչ-որ մեկը գնի տարածքը, բայց թե ով է գնորդը, հստակ չգիտենք,- ասում է բանկի վարչության նախագահ Արմեն Նալջյանը։- Սա նշանակում է ֆինանսական համակարգի խաթարում։ Պատկերացնո՞ւմ եք, մեկը, որ բանկում ավանդ ունի, Ռուսաստանից գալիս – տեսնում է բանկը չկա, իր տեղում չէ»։ Պետգույքի նախարարության մտցրած նոր կետը պայմանագրի վաղաժամկետ լուծարման մասին նշանակում է, որ եթե բանկից պահանջվի երկու ամսվա ընթացքում ազատել տարածքը, ապա այն իր ողջ բազայով՝ ավանդատուներով, հաճախորդներով, կենսաթոշակառուներով, հայտնվում է փողոցում։ «Գիտեք, որ այսօր բանկերի մեջ մեծ մրցակցություն կա, եւ ինձ մեծ վնաս են հասցնելու,- ասում է Արմեն Նալջյանը,- երկու ամսում մենք ֆիզիկապես չենք հասցնի մի մեծ տարածք ձեռք բերել, կահավորել, տեխնիկապես վերազինել։ Դրա համար առնվազն մեկ տարի է պետք, իսկ նոր մասնաճյուղ կառուցելու համար՝ երկու տարի։ Այսինքն, այնպիսի վիճակ են ստեղծում, որ մենք փակենք «Արտաշատ» բաժանմունքը։ Ո՞ւր են գնալու մեր հաճախորդները։ Այլ բա՞նկ են տեղափոխվելու։ Իսկ ամենաէականն այն է, որ օրենք է խախտվում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Մկները կրծում են մեր երկիրը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031