Էներգակիրների նոր սակագների գործողության մեջ մտնելուց հետո կտրուկ բարձրացել է գազալցակայաններում վաճառվող գազը։ Այն թանկացել է առնվազն 20-25 տոկոսով, ինչը բնականաբար անհամատեղելի է այն հայտարարությունների հետ, որոնք ժամանակին անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա ընդամենը 5 տոկոս է (կամ 11 դրամ)՝ յուրաքանչյուր խոր. մետրի հաշվով։ Այդ դեպքում ինչպես է ստացվել, որ գազալցակայանները 20-25 տոկոսով են բարձրացրել գները, հայտնի չէ։
Չնայած գազալցակայաններում գազի կտրուկ թանկացմանը, այնուհանդերձ մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 7-ից հետո շարունակում է մնալ նույնը։ Ավելին՝ այս ոլորտում գործող ընկերությունները մտադիր չեն դիմել ուղեվարձը բարձրացնելու առաջարկով։ Փոխարենը՝ նրանք հակված են գազի լրացուցիչ ծախսերը փոխհատուցել հարկային բեռի թեթեւացման կամ պետությունից որոշակի աջակցություն ստանալու ճանապարհով։
Բնականաբար այս դեպքում ֆինանսական օժանդակության մասին խոսելն ավելորդ է։ Լավագույն դեպքում դա կարող է լինել հարկային բեռի որոշակի թեթեւացման տեսքով։
Թե որ ճանապարհով կլուծվի խնդիրը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, անցած օրը տրանսպորտի եւ կապի նախարարը հայտարարեց, որ ներկայումս հանձնաժողովն ուսումնասիրում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության խնդիրը։ Ուսումնասիրության արդյունքները պարզ կլինեն առաջիկա մի քանի օրերին, որից հետո հնարավոր կլինի ավելի հստակ խոսել գազի թանկացման հետեւանքների մասին։
Իսկ մինչ այդ լավ կլիներ, որ հստակեցվեր մեկ այլ կարեւոր խնդիր. հասարակական տրանսպորտի թանկացման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է գազալցակայաններում վաճառվող գազի գնի կտրուկ բարձրացմամբ։ Այսինքն՝ հնարավոր թանկացումը կանխելու կամ մեղմելու համար անհրաժեշտ է առաջին հերթին զսպել այս ոլորտի սեփականատերերի ախորժակը։
Չնայած գազալցակայաններում վաճառվող գազի թանկացումը բոլորովին համահունչ չէ սակագնի բարձրացմանը, այնուհանդերձ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրավասու չէ այս ոլորտը վերցնել հսկողության տակ։ Խնդիրն այն է, որ ոլորտում չկան գրանցված գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ։ Իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովն այստեղ որեւէ անելիք չունի։ Չնայած այդպես չէ։
Ակնհայտ է, որ գազալցակայաններում վաճառվող գազի գնի արհեստական բարձրացման խնդիր կա։ Մի բան, որ պետք է հանգուցալուծվի։ Նամանավանդ դրանից են կախված ոչ միայն հասարակական տրանսպորտի, այլեւ բազմաթիվ այլ ծառայությունների սակագներն ու ապրանքների գները։
Թեեւ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում այս պահին դեռեւս սպասումային վիճակ է, այնուհանդերձ որոշ վայրերում նույնպիսի ծառայություններ մատուցող ընկերություններն արդեն դիմել են ուղեվարձերը վերանայելու առաջարկությամբ։ Առաջինը այդպիսի նախաձեռնություն ներկայացրին Վանաձորում գործող ընկերությունները։ Նախքան գազի նոր սակագների գործողության մեջ մտնելը նրանք դիմեցին քաղաքապետարան ուղեվարձերը թանկացնելու առաջարկությամբ։ Մասնավորապես առաջարկվում էր ավտոբուսներով երթեւեկության արժեքը 70-ից դարձնել 100 դրամ։ Ակնկալվում է 50 դրամով բարձրացնել նաեւ երթուղային տաքսիների ուղեվարձը՝ հասցնելով 150 դրամի։
Իհարկե, իրենց այս քայլը գծատերերը փորձում են հիմնավորել ոչ միայն գազի թանկացմամբ, այլեւ պահեստամասերի եւ այլ տրանսպորտային պարագաների գների բարձրացմամբ։
Մինչ կուսումնասիրվեն քաղաքային հասարակական տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնելու վերաբերյալ պատճառաբանություններն ու հիմնավորումները, զեղչեր կիրառելու հնարավորությունները, տաքսի ծառայության մատուցման ոլորտում գործող որոշ ընկերություններ եւ անհատ տաքսիստներ պատրաստվում են բարձրացնել կամ արդեն բարձրացրել են իրենց ծառայության արժեքը։ Խոսքը ամեն կիլոմետրի համար լրացուցիչ 20 դրամ գանձելու մասին է։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Բոլոր վարորդներին.
Բոլորս միահամուռ դադարեցնենք զապրավչիկներին թեյավճար տալը: Հերիք չէ, որ մեզ թալանում են, դեռ իրենց աշխատողների աշխատավարձն էլ մենք ենք վճարում: