Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում էր կազմակերպվել գերմանացի անվանի ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթայի հետ: Միջոցառմանն աջակցել էին նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը եւ Գյոթեի անվան ինստիտուտը:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեց ռեժիսորի «Հաննա Արդենդտը» ֆիլմը:
«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով Մարգարեթե ֆոն Թրոթային, շեշտեց նրա արվեստի հեղաշրջիչ ուժը գերմանական կինոյում, ապա փաստեց, որ նրա բոլոր հերոսները ըմբոստ կանայք են, եւ եթե 19-րդ դարի վերջին կանայք աշխատում էին ազատագրվել այն եռանկյունուց (երեխա, խոհանոց, եկեղեցի), որ տղամարդիկ էին մտցրել, Մարգարեթե ֆոն Թրոթան փորձում էր փոխել աշխարհը՝ չուզենալով լինել ռեժիսոր, ով իր վրա պատմական ֆիլմեր նկարողի դաջվածք ունի: «Մենք սովոր ենք, որ կանայք լինեն տեսախցիկի այն կողմում, որտեղ նկարվում են, մինչեւ վերջերս զարմանում էինք կին ռեժիսորների վրա: 21-րդ դարում կին ռեժիսորների թիվը գնալով մեծանում է, եւ այդտեղ մեծ դեր ունի Մարգարեթե ֆոն Թրոթան»,-շեշտեց պարոն Ստամբոլցյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը սիրով փարաջանովյան թալեր հանձնեց անվանի ռեժիսորին՝ փաստելով, որ նրա ամենաարժանիներից է: Մարգարեթե ֆոն Թրոթան էլ պատմեց, որ իր ընկերներից մեկը գիրք է նվիրել՝ «Մուսա լեռան քառասուն օրը» ու ասել, որ Ֆրանց Վերֆելը Հայաստանում հերոսի կարգավիճակ ունի: «Ցեղասպանության մասին այդ հուզիչ գիրքը կարդալուց հետո ես մեծ ցանկություն ունեցա Հայաստան գալ: Եվ ասես հրաշք կատարվեց. Այդ մտածումների մեջ էի, երբ Հարություն Խաչատրյանից հրավեր ստացա, ինչի առիթով երջանիկ եմ»,-նշեց անվանի կինոգործիչը: Ինչ վերաբերում է փարաջանովյան թալեր ստանալուն, հավելեց, որ մի քանի օր առաջ է այցելել Փարաջանովի տուն-թանգարան, հիացել է ու այնտեղ «հանդիպել» թալերի բնօրինակին:
Կարդացեք նաև
«Աշխարհում մեծագույն չարիքն այն չարիքն է, որը գործում են «ոչ ոք»-ները, այն չարիքն է, որը գործում են շարժառիթներ, համոզմունքներ չունեցող մարդիկ, որոնք ոչ չար սիրտ ունեն, ոչ դիվային իղձեր, ուղղակի մարդիկ են, ովքեր
հրաժարվում են անձ լինել»,- ֆիլմում հնչեցնում է հրեական ծագումով գերմանացի Հաննա Արենդտը: Նա 1961-ի ապրիլին նյույորքյան տարագրությունից մեկնում է Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքի» համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Արենդտի հոդվածները զայրացնում են շատերին, անգամ «նացիստական պոռնիկ» է որակվում, որոհետեւ ի տարբերություն բոլորի, ինքն Այխմանին համարում է ոչ թե հրեշ, այլ մարդասպան, որը ընդամենը ջանացել է լավ կատարել իրեն տրված առաջադրանքը, դրա համար էլ մեղքի զգացում չունի: Չնայած նախկին բարեկամները եւ ընկերները երես են թեքում Արենդտից, սակայն նա այդպես էլ չի փոխում իր կարծիքը: Դժվար է լինել ուժեղ կին, բայց մտածելու ունակությունը նրան ուժ է տալիս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ