Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունը քննող քննիչին իրո՞ք սպանել են

Հուլիս 09,2013 22:31

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով կայացած այսօրվա դատական նիստը անցավ աննկարագրելի լարված մթնոլորտում:

Թեեւ դատական գրեթե բոլոր նիստերի ժամանակ վիճաբանություններ, փոխադարձ վիրավորանքներ արձանագրվում էին, սակայն այս մեկը տարբերվեց իր բնույթով. հնչեցին անգամ հայհոյանքներ, որին մասնակցություն ունեցավ ամբաստանայլը:

Բանն այն է, որ այսօր վկայություն էր տալիս ամբաստանյալի մայրը` Անահիտ Նիկոլյանը, ով կոտրած ոտքով էր եկել դատարան: Տիկինը, այսպես ասած, հակավարդանական ելույթ ունեցավ` նշելով, որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, Կարեն Եսայանին սպանել է Ղուկասյանի որդին` Սպարտակը, քանի որ վերջինս դեմ է եղել, որ իր քույրը` Մանյան, ամուսնանա Կարենի հետ:

Այս խոսքերը բնականաբար դուր չեկան դատարանի դահլիճում նստած Կարեն Եսայանի ընկերներին, ովքեր տեղից ինչ-որ ռեպլիկներ հնչեցրեցին վկայի հասցեին: Անահիտ Նիկոյանը եւս սկսեց կռվել այդ երիտասարդների հետ` նրանցից մեկին անվանելով «երջանիկ ապուշ» ու պնդելով, որ նրանք շուրթերի շարժումներով իրեն հայհոյում էին:

Սա լսելով`ամբաստանյալ Հարություն Սարգսյանը բորբոքվեց, ինքը իր հերթին սկսեց հայհոյել այդ տղաներին: Դատավոր Մարտին Սարոյանը անկարողությունից անմիջապես ընդհատեց դատը: Սակայն սա էլ փրկություն չէր. Անահիտ Նիկոլյանը թունդ վիճաբանություն սկսեց տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Մանուկյանի հետ: Մանուկյանը իր հերթին տիկնոջը խայթում էր, թե ոտքդ իբրեւ թե կոտրված է, բայց նախագահին բողոքելու ժամանակ լավ էլ առողջ ես, նախագահին ուր այցելում է, գնում  հասնում, նրան տեսնում ես:

Տիկինը, վրդովվելով այս խոսքերից, անընդմեջ խոսում էր, հակադարձում ու իր հերթին վիրավորական արտահայտություններ հնչեցնում Մանուկյանի հասցեին: Բանը հասավ նրան, որ Մանուկյանն ասաց. «Տիկին, ես ձեր հետ չեմ ուզում խոսել, ի՞նչ եք ուզում ինձանից, Ձեր ամուսինն էլ էստեղ կանգնած է, ինձ հանգիստ թողեք»:

Ինչեւէ, Անահիտ Նիկոլյանը նույն ձեւով էլ դատական նիստերի ժամանակ էր պատասխանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցերին: Վերջինսի այն հարցին, թե դուք ի՞նչ մեքենաներ ունեք, Անահիտ Նիկոլյանը նախեւառաջ ասաց, որ ինքը տեղյակ չէ: «Ձեր տան կանայք տեղյա՞կ են, թե դուք քանի մեքենա ունեք»,- հակադարձեց Անահիտ Նիկոլյանը: «Այո, ես 4 մեքենա ունեմ»,- ասաց Մանուկյանը: «Դե մենք էլ էնքան ունենք, որ շորերիս գույնի հետ եմ սազեցնում»,- շարունակեց Անահիտ Նիկոլյանը:

Հարցին`ոստիկանությունում քանի՞ հոգի են ձեզ հարցաքննել, տիկինը հեգնանքով ասաց. «Դուք ասեք 6, ես կասեմ 106, ես ձեզ ասում եմ պապը գնում էր, թոռն էր գալիս քննելու.. »: Տիկինը նաեւ պատմեց, որ դեպքի օրը, երբ իրենց հրավիրել են ոստիկանություն, ինքը լսել է, որ 3-րդ հարկից մի տղամարդ բարձր ձայնով գոռում է. «Սարգսյանի որդուն` Հարությունին բաց թողեք, ես կգամ կասեմ, ում բերեք»:

Ըստ վկայի, այս խոսքերից հետո կարճ ժամանակ անց լսել է, որ քննիչին մեքենայի տակ գցեցին ու սպանեցին: Խոսքը Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի մասին էր, ով հենց դեպքի օրը իր ավտոմեքենան կանգնեցնելով հանդիպակաց մայթին` փորձել էր անցնել փողոցը, որպեսզի մտնի ոստիկանության շենք, սակայն գիշերով հարբած մի երիտասարդ` Ռաֆիկ Մուրադյանը, բարձր արագության տակ նրան մեքենայի տակ էր գցել ու դիմել փախուստի:  Քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ: Անահիտ Նիկոլյանը մի քանի անգամ կրկնեց, որ քննիչին սպանել են, ինքը իր ականջներով լսածն է կրկնում: Տիկինը նաեւ դժգոհեց, որ իրենց տունը խուզարկելիս այնքան ոստիկաններ են եկել, որ իրեն թվացել է, թե մի հսկա բանդա է, որոնք պատերազմի դաշտ են գալիս: Ըստ Անահիտ Նիկոլյանի, իրեն հարցաքննելիս հարցրել են, թե Սարգսյանների ընտանիքը գնացե՞լ է խնամախոսության Վարդան Ղուկասյանենց տուն:

«Գիտե՞ք ինչ, իմ տղան գիտակ, կայացած, ձեռներեց, բարի երիտասարդ է, նա այն տղաներից չէ, որ մայրը ուղղորդելով կարող է ասել` այ, սա լավ աղջիկ ունի, գնա մի հատ տես, սա ո՞ր դարն է, որ մեր ասելով տղան պիտի գնա աղջիկ ուզելու»: Ի դեպ, Անահիտ Նիկոլյանը իր խոսքի սկզբում ասաց, որ ինքը գիշերները աղաչում է, որպեսզի երկնքում գտնվող Կարեն Եսայանը լսի իր ձայնը, գա իր մորն ասի, թե ո՞վ է իրեն սպանել, որպեսզի իր որդուն հանգիստ թողնեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ani says:

    այո, բոլորն էլ գիտեն, որ սպարտակն է սպանել, իսկ սպարտակին վարդանիկը փախցնել է տվել

  2. Mary says:

    Դրանց պատչառով անմեղ երիտասարդի կյանքն են խորտակում …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031