«Եթե հինգ րոպե ազատ ժամանակ եմ ունենում, ապա նկարում եմ»,-ասում է գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյանը: Նրա համար կտավ ստեղծելը հանգստություն է: Նկարում է այն, ինչ այդ պահին նկատում է՝ դիմանկարից մինչև բնապատկերներ: Իր նկարները չի վաճառում և այդ ճանապարհով շահույթ չի ապահովում, ինչպես ինքն է ասում. «Արվեստն ինձ համար բիզնեսի միջոց չէ: Բիզնեսի համար պտղատու այգի ունեմ. հողագործությամբ եմ զբաղվում»,-ասում է նկարիչը:
Այսօր Նկարիչների միությունում անցկացվող «7 գույների կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացրել էր նաև իր աշխատանքները, սակայն ցավով նշեց, որ շատ աշխատանքներ այդպես էլ ցուցադրել չկարողացավ. «Տրամադրված տարածքը փոքր էր և պատին չտեղավորվեց, ստիպված եղանք չտեղադրել: Ընդամենը 7 աշխատանք է ներկայացված»,-թվարկեց նա:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև հայտնի նկարիչներ՝ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի` շուրջ 70 կտավներ, որոնք ներկայացնում էին հեղինակների վերջին շրջանի լավագույն աշխատանքները:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ