Լրահոս
Օրվա լրահոսը

Բեգլարյանը հանգստացնում է մեդիա փորձագետներին՝ թվային հեռարձակումը ժամկետում կհասցնենք

Հուլիս 09,2013 20:15

Հայաստանը թվային հեռարձակման պետք է անցնի 2015 թվականի հուլիսի 1-ին, նախկինում որոշված՝ հունվարի 1-ի փոխարեն: Ու թեեւ կառավարությունը վերջերս որոշեց վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման անցնելու ժամկետը երկարաձգել, սակայն մեդիա ոլորտի փորձագետները գտնում են, որ դեռեւս 2010 թվականին, ինչ ոլորտի վերաբերյալ ընդունվել է օրենքը, գրեթե ոչինչ չի արվել: Եւ եթե հաշվի առնենք, որ մոտ 2 տարի է մնացել մինչեւ թվային հեռարձակման ժամկետը, եւ հաշվի առնենք նաեւ, որ հսկայական տեխնիկական եւ ֆինանսական աշխատանքներ են անհրաժեշտ, ապա Հայաստանը ներկայումս ոչ նախանձելի վիճակում է:

Նշենք, որ թվային հեռարձակման միջազգային պահանջով նշված ժամկետում չհասցնենք անալոգային հեռարձակումից անցնել թվայինին, բացի այն, որ կզրկվենք անալոգային հեռարձակումից, կխանգարենք նաեւ մեր հարեւան պետություններին թվային հեռարձակմանը: Մեդիա փորձագետ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախ քաղաքական որոշում է անհրաժեշտ թվայինին անցնելու համար, իսկ ոլորտի պատասխանատուների աշխատանք չկատարելը պայմանավորել է նաեւ բյուրոկրատական քաշքշուկների հետ. «Բյուրոկրատական դանդաղկոտության արդյունք է, տարբեր շահերի մրցակցության հարց է, դա նաեւ լուրջ գումարների հարց է, որը պետք է հայթայթվի, նաեւ քաղաքական որոշումներ կայացնելու հարց է: Մինչեւ հիմա պարզ չէ` լինելու են միայն մասնավո՞ր մուլտիպլեքսներ, թե միայն պետական, կամ երկո՞ւսն էլ: Երբ մրցույթն արդյունք չտվեց, կառավարության կուլիսներում խոսք գնաց, որ գուցե պետական մուլտիպլեքսներ պետք չեն, գուցե պետք է մասնավոր եւ դրանցով ամբողջ դաշտը կարգավորվեր եւ թվային հեռարձակումն ապահովեր, կամ երկուսն էլ պետք են, մենք, իհարկե, դեմ ենք միայն պետականին»:

Բացի այս, ըստ փորձագետի, սահմանված ժամկետում թվային հեռարձակմանը չանցնելու դեպքում միջազգային սանկցիաներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ:

Այս ոլորտի պատասխանատում կապի եւ տրանսպորտի նախարարությունն է, այսօր Aravot.am-ը նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է թվային հեռարձակման գործընթացը: Նախարարը նախ բացատրեց`թե ինչ է թվային հեռարձակում. «Օրինակ` ամբողջ աշխարհը 2015 թվականի հուլիսի 1-ից այլեւս անալոգային հեռուստահեռարձակում չի ունենա, դրա համար մենք էլ պիտի անցնենք թվայինին»: Հետո, պարոն Բեգլարյանին փոխանցեցինք մեդիա փորձագետների մտահոգություններն այս ոլորտի կապակցությամբ, բայց նախարարն այդ մտահոգություններն անտեղի համարեց, եւ հույս տվեց, որ ամեն ինչ նորմալ, իր հունով ընթանում է, անհանգստանալու կարիք չկա. «Բոլոր աշխատանքներն ու գործընթացը, ինչպես որ կառավարության որոշումը նախատեսում է, կատարում ենք, եւ ժամկետի մեջ ամեն ինչ կհասցնենք»:

Հիշեցնենք, որ այս ոլորտի վերաբերյալ իր մտահգություն էր հայտնել նաեւ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա, տնտեսագետ, Հայաստանում ժամանակին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի  վերահսկողության ծառայությունում աշխատած Վալտեր Մարությանը:

Պարոն Մարությանը մասնավորապես ասել էր. «Մենք դեռ լուրջ անելիքներ ունենք: Հիմնականում երկրներն անցում են կատարել այդ համակարգին կամ արդեն ավարտում են գործընթացը, իսկ մեր երկրում դեռ չեն ավարտվել կազմակերպչական աշխատանքները: Ես, բնականաբար, որպես ոլորտի մասնագետ, շատ մտահոգված եմ, որ Հայաստանը հասցնի:

Հակառակ դեպքում մենք երկու տարի անց այս ժամանակահատվածում կարող ենք հեռուստատեսության բնագավառում ականատես լինել կատաստրոֆիկ վիճակի: Ընդհուպ՝ ժողովուրդը կարող է այլեւս չօգտվել թվային սիստեմից, քանի որ հարեւան երկրները, որոնք անցում են կատարել թվային սիստեմի, փակեն հաճախականությունները, եւ մենք այլեւս չկարողանանք անալոգային հաճախականություններով հաղորդումներ կազմակերպել մեր հանրապետությունում»:

Չնայած այս լուրջ ու սրտացավ մտահոգություններին, Գագիկ Բեգլարյանն, ըստ էության, ոչ մի խնդիր չի տեսնում թվային հեռարձակմանն անցնելու  գործընթացի հետ կապված:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031