Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը վարձակալման համար աճուրդի է հանել «Սանսարյան Հան» պատմական հայկական շինությունը, այն դեպքում, երբ շենքի սեփականության համար իրավական գործընթացը դեռ շարունակվում է: Շենքը ժամանակին պատկանում էր Պոլսո Հայոց պատրիարքարանին: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերը թերթին ասել է, որ չեն ուզում ոչ մի մեկնաբանություն տալ, քանի դեռ աճուրդը չի ավարտվել. «Հույս ունեմ, որ տարաձայնությունները կհարթվեն ու մենք խնդիրը կլուծենք հաշտեցման միջոցով»,- ասել է Գեզերը՝ ավելացնելով, որ դատական գործը դեռ շարունակվում է, – «Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, որ «Սանասարյան Հան» շենքը պատկանում է [Պոլսո Հայոց] պատրիարքարանին»:
Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հրաժարվել է հարցի հետ կապված մեկնաբանություն տալ «Հյուրիեթ»-ին:
Երբ ոստիկանության բաժանմունքն էր զբաղեցնում «Սանասարյան Հան»-ը, այն հայտնի էր որպես խոշտանգումների վայր: Հայտնի թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, գրող Ալի Նեսինը և հայ մտավորական Արամ Փահլևանյանն այն մարդկանցից են, որոնց խոշտանգել են այդ շենքում: «Հան»-ը նաև ծառայել է որպես դատարան:
Կարդացեք նաև
Ստամբուլի հին թաղամասերից մեկում գտնով շենքը 1881թ. ռուսահայ Մկրտիչ Սանասարյանը նվիրաբերել էր պատրիարքարանին, 1935թ, Թուրքիայի կառավարությունն այն առգրավել էր: Պատրիարքարանը հիմնադրամների գլխավոր տնօրինության դեմ շենքը վերադարձնելու համար հայցով դատարան է դիմել 2011թ.: Մինչդեռ գործը քննվում է դատարանում, շենքը երրորդ կողմին 50 տարով վարձակալության հանձնելու աճուրդի հայտարարությունը հրապարակվել է պաշտոնական թերթում: Աճուրդը կանցկացվի հուլիսի 18-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ