Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Աղվան Հովսեփյանի ելույթին՝ որտեղ նա մասնավորապես նշել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները», ասաց. «Ես զարմացած եմ, որ նման լուրջ հարցերով հանդես է գալիս հարյուրավոր քաղբանտարկյալների ապօրինի մեղադրանք ներկայացրած գերատեսչության ղեկավարը: Փոխանակ զբաղվի իր գերատեսչության հարցերով, նա խորացել է մի ոլորտ, խոսում է մի ոլորտի մասին, որից որեւէ բան չի հասկանում եւ դա մեր գործընկերների, այլ երկրների մոտ՝ ում հետ համագործակցում ենք, այդ հայտարարությունը կարող է տարակուսանք առաջացնել: Թերեւս դատախազն ուզում էր հիշեցնել Սերժ Սարգսյանի խայտառակ ձախողման մասին, որ շուրջ երեք տարի է որեւէ երկիր մոտ չի եկել ցեղասպանության ճանաչմանը: Առհասարակ իր ղեկավարության օրոք ցեղասպանության ճանաչումը խայտառակ հանգրվանի է հասել, մոռացության է ենթարկվել: Կարծում եմ առաջին հերթին դատախազն ու իր ղեկավարը պետք է այդ մասին մտածեն»:
Դիտարկմանն ի պատասխան՝ ըստ ձեզ ո՞վ պետք է նման հայտարարությամբ հանդես գար, միայն ԱԳՆ-ն՞, թե՞ մեկ ուրիշն էլ կարող է իրեն թույլ տալ նման հայտարարություն անել, Կարապետյանը ասաց. «Մենք ունենք արտաքին քաղաքականության առաջնահերթություններ: Այնտեղ նման դրույթ չկա: Դե, եթե ՀՔԾ-ի կամ, ոստիկանության պարեկապահակային խմբի ղեկավարները խոսեցին մեր միացման վերաբերյալ, կարելի է պատկերացում կազմել, թե որքանով են լուրջ վերաբերվում մեր պաշտոնյաները Հայաստանի արտաքին հեղինակությանը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև