Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի ռումինական կողմի նախագահ Վարուժան Ոսկանյանին:
Նախագահը ողջունել է Վարուժան Ոսկանյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի և հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես արժևորում են Վարուժան Ոսկանյանի ջանքերն ու ավանդը ինչպես հայ-ռումինական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Ռումինիայում հայապահպանության գործում:
Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը գոհունակությամբ է խոսել Երևանում անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստի և երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների շփումների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: