Հուլիսի 9-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» 2013թ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը՝ կարևորելով մայրենիի արագացված դասընթացներին մասնակցությունը. «Աշխարհի բոլոր ծայրերում հայի շուրթերից պետք է հնչի հայերենը: Հայերեն խոսելով պետք է պահպանենք մայրենին և փոխանցենք սերունդներին»:
«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով՝ Հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք կտևեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ը, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի 15 – օգոստոսի 2), Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Ազգային երգի ու պարի դասընթաց ( հուլիսի 24 – օգոստոսի 2):
Դասընթացները կանցկացվեն հայերենով, կդասավանդեն Հանրապետության և Սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքները, սովորողները տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն կունենան:
Կարդացեք նաև
«Սփյուռք» ամառային դպրոցը, որը հայերենի ուսուցման և Սփյուռքի մասնագետների վերապատրաստման ծրագիր է, արդեն երկրորդ տարին է անցկացվում: 2013թ ծրագրին մասնակցում է 210 սփյուռքահայ աշխարհի ավելի քան 25 երկրից:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ, քննարկումներ, կլոր սեղաններ և այլն:
ՀՀ սփյուռքի նախարարություն