«Սողանքային տեղամասերում հետազոտությունների ու դրանց հաջորդող միջոցառումների չիրականացման կամ թերի իրականացման արդյունքում հանրապետությունում վերջին ժամանակներում ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում կառավարությունը հարկադրված կլինի մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել հարյուրավոր վթարային տների բնակիչների վերաբնակեցման միջոցով անվտանգության ապահովման խնդիրների լուծման, ինչպես նաեւ սողանքային երեւույթների հետեւանքների վերացման համար»,-այսպիսի մտահոգություն է հայտնում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը`կառավարությանը ներկայացրած սողանքային աղետի կառավարման հայեցակարգում:
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի նաեւ պարոն Երիցյանի հայեցակարգը: Ըստ ոլորտի պատասխանատուի, հայեցակարգի նպատակն է ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման համակարգի ստեղծումը եւ սողանքային աղետի կառավարման բնագավառում պետական քաղաքականության վարումը. «Հանրապետությունում սողանքային երեւույթների դեմ պայքարի համակարգված, հետեւողական քաղաքականություն երբեւէ չի տարվել, հետեւաբար չի եղել համապատասխան ռազմավարություն»,-ասված է հայեցակարգում:
Նախարար Երիցյանը նաեւ մտահոգություն է հայտնում, որ սողանքների հետեւանքով անընդհատ աճող ֆինանսական միջոցները, խնդրի լիարժեք լուծում չի կարող ապահովել, քանի որ. «Ժամանակի ընթացքում արագորեն ավելանում է վնասված ու վթարային տների քանակը, իսկ վերաբնակեցումը կհանգեցնի հատկապես սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի ամայացմանն ու աստիճանաբար վերացմանը, բնակչության արտագաղթին, սոցիալ-տնտեսական եւ մի շարք այլ լուրջ հիմնախնդիրների առաջացմանը: Բնակավայրերի կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել սողանքային ակտիվության նվազեցմանն ուղղված արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան պահպանել տարածքները, խուսափել զանգվածային վերաբնակեցումներից` նպաստելով ֆինանսական միջոցների զգալի խնայողությանը, հատկապես` հարկադրված ծախսերի մասով»:
Նախարարի տվյալներով, սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը մեր հանրապետությունում կազմում է 1216 քառ. կմ, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4,1%-ը: ՀՀ տարածքում սողանքային երեւույթները հիմնականում առկա են Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի համայնքների տարածքներում ու Երեւան քաղաքի առանձին հատվածներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Միանգամայն համամիտ եմ պարոն Երիցյանի հետ: Լրագրողների ազգակործան գործելավոճից, երբ իրականությունը գրելով,՝ ժողովրդին գցելով խուճապի մեջ, որոնք միակ փրկության ելքը տեսնում էին արտագաղթի մեջ, հայտնվեց ևս մեկ պատճառ արտագաղթի,՝ տարերային աղետը,՝ սողանքը:
Այս անգան ոչ ոքի չի կարելի մեղադրել, գուցե մի փոքր՝ Հայ Առաքելական եկեղեցու հայրերին,
որոնք իրենց աղոթքի հաշվին զբաղված են,՝ օֆշորային գոտիներով: Բայց ով գիտե, գուցե իրենց
աղոթքներով սրբահայրերը արել են ամենաանհնարինը, ուղակի մենք տեղյակ չենք, թե չէ այսքան
թալանից ու կողոպուտից հետո, ինչպե՞ս է հնարավոր երկիրը գոյատևել: Ուրեմն աստծու ձեռքը մեզ
վրա է և մտահոգվելու պատճառ չկա: Այնպես որ,՝ կեցցե սուտը, թալանն ու կողոպուտը: Կեցցե,՝
ղարաբաղաբարո Հայաստանը: