Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկայական» հակամարտություն

Հուլիս 09,2013 18:19

Իջեւանի քաղաքապետարանը հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի՝ 2005 թվականի մարտի 14-ին հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայցի մեջ քաղաքապետարանը նշել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 2005թ. փետրվարի 24-ի որոշմամբ շուկայի ընդլայնման նպատակով, 90 տարի ժամկետով, տարեկան 12 հազար դրամ վարձավճարով, վարձակալական հիմունքներով 0.448 հա հողատարածք է տրամադրվել «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին, կնքվել պայմանագիր, այն վավերացվել է  նոտարի կողմից:

Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը ստուգելու նպատակով 2012թ. օգոստոսի 16-ին քաղաքապետարանի քաղաքաշինության  բաժնի աշխատակիցները կատարելով ուսումնասիրություն՝ պարզել են, որ ընկերությունը վարձակալված հողատարածքն օգտագործվում է ոչ նպատակային նշանակության, առանց թույլտվության շուկայի բաց պատշգամբում  տեղադրել է տաղավարներ, շուկայի աստիճաններին ու հյուսիսային կողմից շուկայի սպասարկման ճանապարհի վրա կազմակերպել է ոչ կանոնակարգված բացօթյա առեւտուր, որի հետեւանքով ստեղծվել է  հակասանիտարական եւ անվտանգության կանոններին հակասող իրավիճակ: Այդ խախտումների համար 2012թ. օգոստոսի 14-ին Իջեւանի քաղաքապետի որոշմամբ շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, տուգանվել 30 հազար դրամի չափով:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը 2013թ. ապրիլի 4-ի որոշել է Իջեւանի քաղաքապետարանի հայցը մերժել: Դատարանը համարել է, որ վարձակալած տարածքում առեւտրի կազմակերպումը  այս դեպքում չի կարող դիտվել որպես գույքը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործում, քանի որ հենց պայմանագրով սահմանված է հողը վարձակալությամբ տրամադրելու նպատակը՝ շուկայի ընդլայնում: Դատարանը համարել է,որ Իջեւանի շուկայի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու քաղաքապետի որոշմամբ չի հաստատում, որ ապօրինի առեւտուրն իրականացվել է հատկապես վարձակալած տարածքում:

Իջեւանի քաղաքապետարանը այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Հուլիսի 3-ին ՀՀ  վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ՝ Ա. Թումանյանի)  որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 4-ի վճիռը բեկանել եւ քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նման վճիռ կայացնելիս արձանագրել է, որ քաղաքապետի  վարչական ակտով արձանագրվել է վարձակալված տարածքը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու փաստը, որ այդ վարչական ակտը ըստ էության չի վիճարկվել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031