«Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով, փետրվարի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց ՀՀ քաղաքացի Էմիլիյա Մելիքյանին հատկացնել 3600 եվրո: Այս նպատակով արդարադատության նախարարությանը կհատկացվի 3,600 եվրոյին համարժեք դրամ:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից, քաղաքացու նկատմամբ պետության պարտավորությունն առաջացել է «ՀՀ դատարանների եւ կառավարման մարմինների գործունեության հետեւանքով»:
Սա ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի տասնյակ վճիռներից մեկն է:
Տիկին Մելիքյանն աշխատել է «Պարեն» գիտաարտադրական եւ նախագծային պետական փակ բաժնետիրական ընկերությունում եւ նրա գործն առնչվել է պետական գույքի մասնավորեցմանը: Հայաստանի եռաստիճան դատարաններով անցնելուց հետո, Էմիլիյա Մելիքյանը դիմել էր Եվրադատարան, որն էլ գտել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` որը նախատեսում է դատարանի մատչելիության իրավունք:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել էր, որ ներպետական դատական ատյանները, կիրառելով նման սահմանափակումներ դիմումատուի կողմից՝ գործադիր իշխանության մարմինների ենթադրյալ անօրինական իրավական ակտերի դեմ բողոք բերելու մասով, խախտել են դիմումատուի՝ կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ