Մինչ բոլորը անհամբերությամբ շարժվում են դեպի Մոսկվա կինոթատրոն «Ոսկե Ծիրան 2013»-ի հերթական ֆիլմը դիտելու, կինոթատրոնին կից՝ Նկարիչների միությունում այսօր ոչ պակաս աշխուժություն էր տիրում: Նկարիչների միությունում այս ցուցահանդեսը հերթականը չէր, այն առանձնանում էր նրանով, որ այս անգամ ոչ թե մեկ կամ երկու նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում, այլ ամբողջ սրահը լի էր յոթ մանկության ընկերների ամենատարբեր և ամենագունավոր աշխատանքներով: Ցուցահանդեսին ներկայացված էին հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները: «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսի խորագիրն է:
Մարդն ուժեղ է իր ընկերությամբ և այս յոթնյակը, որը կարելի է կոչել՝ «великолепная семерка», ընկերնությունից բացի, թե՛ կյանքին, և թե՛ կերպարվեստին նայում են նույն ուղղությամբ: Ցուցահանդեսում նրանք ներկայացրել էին իրենց հողը, երկիրը, բնությունը և իրենց վրձնի օգնությամբ գովեստել հայրենի երկիրը:
Նկարիչներից Արշավիր Կիրակոսյանը, նույն ինքը՝ Արշոն պատմում է, որ իրենք՝ յոթ ընկերներն էլ շատ կապված են միմյանց, կապված են թե՛ արվեստանոցում, և թե արվեստանոցից դուրս:
«Մեզ, բացի արվեստից, միավորում է նաև բնությունը,- ասում է Արշավիր Կիրակոսյանը,- այն, ինչ այսօր քանդվում և ավիրվում է, մի փոքրիկ անկյունում, գեղեցիկ մնացած մի որևէ գեղեցիկ երևույթը մենք փորձել ենք հավերժացնել մեր նկարներում: Եղել ենք Հայաստանի ամենատարբեր կետերում՝ Գորիսում, Արարատյան դաշտի շրջաններում, Օշականում և այլուր»: Ըստ նկարչի ՝ բնության մեջ յոթ ընկերներն էլ իրենց կարողանում են լիակատար ազատ զգալ և կապվել միմյանց հոգով ու սրտով, դե հոգով զգացածն էլ արդեն վձնի շնորհիվ անմահացնում են իրենց կտավներում:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Արշավիր Կիրակոսյանի որդին Նարեկ Կիրակոսյանը, ով, նույնպես նկարիչ լինելով, եկել էր ևս մեկ անգամ տեսնելու և վերապրելու այն նույն զգացումները, ինչը հավանաբար զգացել էր իր հայրիկի կողքին, նրա նկարելու գործընթացին հետևելու ժամանակ:
Ինչպես նշեց Նարեկը՝ նա աշխատում է միշտ ներկա լինել իր հայրիկի նկարելու գործընթացին և ուշի ուշով փորձում է հետևել նրա աշխատելու ձևին:
« Հայրս շատ դրական, գունավոր մարդ է,- ասում է Նարեկը, -ամեն անգամ, երբ ես եմ նկարում ասում է՝ «Նարեկ, գույն դիր նկարներիդ մեջ, գու՜յն , անընդհատ գույնը փոխիր »: Հայրս ահա այդպիսի մարդ է՝ ինչպես կյանքում, այնպես էլ նկարելու ժամանակ»:
Իրոք, որ ՝ Կան բաներ, որոնց մասին պետք է խոսել լռելով: Յոթ նկարիչների աշխատանքները լուռ էին, բայց միևնույն ժամանակ շատ խոսուն, նկարներից յուրաքանչյուրը, կարծես թե մեկը մյուսի շարունակությունը լիներ: «7 գույների կախարդանքը» դեռ կգօրծի 10 օր` հուլիսի 9-ից մինչև հուլիսի 19-ը՝ Նկարիչների միության 2-րդ հարկում:
Օվսաննա Սիմոնյան
Հոյակապ ցուցահանդես է, արժի գնալ