ՀՀ կառավարությանը նախագիծ է ներկայացվել «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» ՊՓԲԸ-ն միավորել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Բուժհիմնարկն օպտիմալացնելու գործընթացի կազմակերպումն էլ դրվել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի վրա:
«Եղեգնաձորի ատամնապրոթեզարանը» մինչ այս իրականացրել է սոցիալապես անապահով բնակչության ատամնաբուժական եւ պրոթեզավորման ծառայություններ: Սակայն կառավարությունը գտնում է, որ այս բուժհիմնարկին կառավարությունից հատկացվող «սուղ ֆինանսական միջոցներն օգտագործվում են անարդյունավետ» եւ որ 2 միլիոն 593 հազար դրամ տարեկան հատկացումից 1 միլիոն 950 հազար դրամը գնացել է տնօրենի, հաշվապահի եւ հավաքարարի աշխատավարձին: Մնացած 643 հազարն էլ` տրվել է մեկ մասնագետի` բժիշկ-ստոմատոլոգին՝ որպես աշխատավարձ:
Այս բուժհիմնարկում իրականացրած ուսումնասիրության արդյունքում նաեւ պարզվել է, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, «Եղեգնաձորի ատամնապրոթեզարանը» ձեռք չի բերել որեւէ բուժական սարքավորում, ընկերության շենքն ու եղած սարքավորումներն էլ գտնվում են անմիխիթար վիճակում, եւ որ ՊՓԲԸ-ն կուտակել է կրետիդորական պարտքեր:
Բուժհիմնարկները միավորելու առաջարկով հանդես եկած առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը գտնում է, որ այս նախագծի ընդունման արդյունքում «կունենանք առավել արդյունավետ մատուցվող ծառայություններ»:
Կարդացեք նաև
Սակայն նկատենք, որ կառավարությանը ներկայացված որոշման նախագծում, հիմնավորում-տեղեկանքում եւ ամփոփաթերթում ոչ մի խոսք չկար, որ միավորումից հետո էլ պրոթեզարանը շարունակելու է սպասարկել անապահով խավին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ