Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ռումինիայի հայազգի նախարարի, Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, աշխարհում ակտիվ քարոզվում է (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 16:57

Այսօր Հայաստան-Ռումինիա գործարար համաժողովին, որին մասնակցում էին ռումինացի գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը փորձեց «գայթակղել» ռումինացի հյուրերին` նշելով, որ լուրջ աշխատանքներ են տարվում Հայաստանում ոսկերչությունը, գյուղատնտեսությունն ու այլ տնտեսական ճյուղերը զարգացնելու ուղղությամբ: Ուստի, պարոն Բեգլարյանի խոսքերով ասած`Հայաստանը ցանկություն ունի ռումինական կապիտալի աճ տեսնել զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ու այլ ոլորտներում:

Համաժողովին ներկա Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, հայազգի Վարուժան Ոսկանյանն էլ ասաց, որ փորձելու են Հայաստանում ռումինական ներդրումների ծավալը հասցնել 500 միլիոն եվրոյի:

Համաժողովի ընդմիջման ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում Ռումինիայի կառավարության հայազգի ներկայացուցիչն ասաց, որ պետք է ձեւ գտնել, որպեսզի Հայաստանն ավելի ճանաչված լինի եւ աշխարհին ներկայացվեն հայկական մշակութային արժեքներն ու տնտեսական հնարավորությունները:

Aravot.am-ի հարցին`հաշվի առնելով մեր փոքր շուկան, մեծ թվով արտագաղթը, մարդկանց գնողունակության անկումը, ինչպե՞ս կարելի է

ռումինացի գործարարներին շահագրգռել մեզ մոտ ներդրումներ անելու համար, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը պատասխանեց.«Հայաստանը կայուն երկիր է քաղաքական տեսակետից, օրենսդրությունը լավն է, ներդրումների եւ սեփականատերերի վերաբերյալ էլ օրենսդրությունը լավն է: Այլեւս վտանգներ չկան` 15 տարի առաջվա պես, պատերազմի վտանգներ չկան: Տնտեսական վտանգների մասին էլ, դե Եվրոպան էլ այդ վտանգներն ունի: Բայց առաջինը Հայաստանի հետ հաղորդակցության խնդիրն է, ուղիղ ճանապարհ չկա»:

Մանրամասն` տեսանյութում

Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը նաեւ սրտացավորեն նշեց, որ Ադրբեջանը մեծ ակտիվությամբ է քարոզչություն անում ու փորձում ներկայանալ աշխարհին, ինչը, ցավոք, Հայաստանը նույն տեմպերով չի անում. «Շատերը, երբ խոսում են Կովկասի մասին, տարբերություն չեն անում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը շատ ակտիվ պրոպագանդում է իրեն ամեն տեղ աշխարհում: Այնպես որ, ես աճապարեցի, որ այս ֆորումն անենք, որպեսզի ռումինական հասարակությունը տեղյակ լինի Հայաստանի իրականությունների ու հնարավորությունների մասին: Երբ ասեցի, որ պետք է հասցնենք 500 միլիոնի առեւտրաշրջանառությունը, նկատի ունեի մինչեւ հիմա 100 միլիոնի էինք հասել ու շատ հնարավորություններ կան, որ պիտի օգտագործենք: Ցավոք, ուղիղ ճանապարհներ չկան՝ Հայաստան-Ռումինիա:

Հայկական շուկան փոքր է, մարդիկ հույս չունեն, որ ապրանքները կգնեն այստեղ, դրա համար արտադրություն, եթե պիտի անի, պիտի մտածի, որ ապրանքի մի մասը արտահանի այստեղից»:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարարն օրինակ բերեց, որ առաջարկվում է հայկական տուֆ արտահանել Ռումինիա, բայց տրանսպորտային ծախսերը շատ մեծ են ստացվում: «Հայ եւ ռումինացի գործարարների միջեւ կա նաեւ լեզվական խոչընդոտ, բայց ստեղծեցինք առեւտրաարդյունաբերական պալատը, որպեսզի այս գործարարների շփումն ակտիվանա»:

Համաժողովի ընթացքում ՀՀ արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ ասաց, որ ինչ-որ տեղ Ռումինիայի` Եվրամիության ինտեգրացման գործընթացը եւ ԱՄ անդամ դառնալը, մի փոքր շեղում է Ռումինիայի ուշադրությունը՝ ներդրումներ անել հարեւան այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է. «Պետք է մեծացնել ռումինական ներդրումները Հայաստանում, հայկականն էլ` Ռումինիայում: Ես համամիտ եմ պարոն Ոսկանյանի հետ, որ մեր տարածաշրջանը բարդ է, կան որոշակի ռիսկեր, բայց առանց այդ ռիսկերը վերացնելու բիզնես չեն անում: Ես միշտ օրինակ եմ բերում մեր ոչ շատ բարի դրացի Թուրքիային, որի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի հասել է 250 միլիոն դոլարի: Ես ոգեւորում եւ խրախուսում եմ Հայաստանում բիզնես անել մեզ հետ միասին: Մենք դեռեւս շահութաբեր շուկա ունենք, ավելի շահութաբեր, քան եվրոպականն է: Կարող ենք Ռումինիայի համար կամուրջ լինել մի մեծ շուկայի` Իրանի հետ. Ռումինիա-Հայաստան-Իրան»:

Նշենք, որ 2012 թվականին Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 88,6 միլիոն դոլար: 2011-ին Հայաստանից Ռումինիա է արտահանվել հիմնականում պլաստմասսա, խաղալիքներ, սպորտային գույք, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ: Իսկ Ռումինիայից Հայաստան է ներկրվել` հանքային վառելանյութ, նավթ եւ նավթամթերք, էլեկտրական սարքավորումներ, շաքար եւ հրուշակեղեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031