Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻԻՀ դեսպան. «Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները»

Հուլիս 09,2013 16:34

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են միայն դեպի առաջ ընթանալ: Իհարկե, դժվար է ամեն անգամ առաջ գնալ, երբ արդեն բարձր մակարդակի հարաբերություններ են, բայց երկուստեք ցանկության դեպքում` կարելի է գտնել զարգացման նոր հնարավորություններ»,-նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ Իրանի դեսպանը միշտ ակտիվ աշխատում է Հայաստանի կրթական հաստատությունների հետ և լավ տեղեկացված է իրանցի ուսանողների խնդիրներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ մի շարք հայաստանյան բուհեր ներկայումս անցնում են եվրոպական հավատարմագրման գործընթաց` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացնելով հետևողական ջանքեր, որը, ըստ նախարարի, նպատակ ունի կրթությունը գրավիչ դարձնել նաև օտարերկրյա, այդ թվում` իրանցի ուսանողների համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել` իրանցի ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բուհերի ղեկավարների պատրաստակամության համար: Մոհամմադ Ռեյիսիին ընդգծել է, որ իր հետ զրույցում իրանցի ուսանողները շեշտում են վերջին տարիներին Հայաստանի բուհերում կրթության որակի էական տարբերության և արձանագրված առաջընթացի առկայությունը: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը գիտահետազոտական ոլորտում կուտակել է մեծ առաջընթաց  և  պատրաստ է իր փորձը փոխանցել բարեկամ երկրներին:
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը, որը, ըստ հանդիպման մասնակիցների, կարևոր խնդիր է, քանի որ եթե առկա են կրթական և մշակութային կապեր, ապա շատ ավելի հեշտ են հաջողվում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Նախարարն այդ առիթով ընդգծել է, որ այլ երկրների հետ համագործակցության օրինակը ցույց է տալիս, որ համատեղ ուսումնական հաստատությունը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ԵՊՀ-ում իրանագիտության զարգացման, աշակերտների և ուսանողների փոխայցելության, ինչպես նաև պարսկերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման նպատակով անհրաժեշտ դասընթացներ անցկացնելու հնարավորության և պարսկերենի նոր դասագրքերի տրամադրման հետ կապված հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031