Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր արդեն երրորդ անգամ է մտել խորհրդակցական սենյակ՝ կապված ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան, նախկին քննիչ Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունների հետ:
Դատարանն արդեն մերժել է պաշտպանի այն միջնորդությունները, որով նա պահանջում էր քննչական, ապրանքագիտական, դատատեխնիկական փորձաքննություններ անցկացնել:
Դատարանը այս պահին էլ հեռացել է խորհրդակցական սենյակ, քանի որ կենսաբանական փորձաքննությամբ, ըստ պաշտպանի, պիտի պարզվեր, թե արյունը, որն առկա է եղել դեպքի վայրում՝ Տպագրիչների փողոցի աստիճանավանդակին, շքամուտքի մոտ, ասֆալտին, արդյոք այս գործով տուժող, ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի՞նն է, թե՞ կենդանու:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ ամբաստանյալը հաստատել է, որ ինքն է հրազենով կրակել, ինչին ինքը որեւէ առարկություն չի ներկայացրել:
Կարդացեք նաև
Նման միջնորդությունը, Հայրիկյանի կարծիքով, անհասկանալի էր:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանն էլ ասաց, որ որեւէ կասկած չէր կարող լինել, որ արյան հետքերը Պարույր Հայրիկյանինն է, բացի այդ, ըստ մեղադրողի, որեւէ մեկը, Հայրիկյանից բացի, մարմնական վնասվածքներ չի ստացել: Հակառակ ապացույցներ ձեռք չեն բերվել:
Երբ խոսք գնաց ապրանքագիտական փորձաքննություն անցկացնելու միջնորդության մասին, ամբաստանյալի պաշտպանը նշել էր, որ հնարավոր տարաբնույթ խոսակցություններից զերծ մնալու համար է այն պահանջում, որպեսզի Վարդան Սեդրակյանի՝ Խաչատուր Պողոսյանին վաճառած մեքենան չդիտվի մահափորձը իրականացնելու դիմաց տրված:
Մեղադրողն ասաց, որ պաշտպանը մեղադրանքի ծավալից հեռանում է, ակնարկելով այն, որ մեղադրականում խոսք է գնում հազար դոլար գումարի մասին, որը հավասարապես կիսվել են ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը:
Իսկ էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն էլ առարկեց այս միջնորդության դեմ, հայտնելով, որ իր թեկնածությունն առաջադրելուց յոթ ամիս առաջ է իր մեքենան վաճառել, եւ դա կապ չունի այս ամենի հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ