«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը այսօր վաղ առավոտյան կենտրոնակայան Բեռլինում, իսկ այդուհետեւ նաեւ՝ տեղական մակարդակներով, հրապարակեց «Կոռուպցիոն համաշխարհային բարոմետրի» 2013 թվականի տվյալները: Այս հարցումը անցկացվում է շարքային մարդկանց շրջանում՝ ի տարբերություն կոռուպցիայի ընկալման համաթվից, որն անցկացվում է տվյալ երկրում գործող գործարարների եւ փորձագետների շրջանում:
107 երկրներում անցկացված այս հարցման արդունքում ստացված տվյալների համաձայն՝ մարդկանց ընկալմամբ ամենաշատը կոռուպցիայի ազդեցությանը ենթարկված են կուսակցությունները՝ 3,8 համաթվով (վերին սահմանը՝ 5-ը, նշանակում է ամբողջովին կոռումպացված համակարգ, իսկ ներքին սահմանը՝ 1-ը, նշվում է այն դեպքում, եթե համարում են, որ ամենեւին կոռումպացված չի համակարգը): Սակայն այս թիվը հետսովետական երկրներում այնքան էլ բարձր չէ: Մասնավորապես, Հայաստանում 3,7 է, Ադրբեջանում՝ 2,5, Ռուսաստանում՝ 4,2: Այդուհանդերձ, Էստոնիայում, Լատվիայում եւ Թուրքիայում կուսակցությունները համարվել են ամենակոռումպացված կառույցները: Կուսակցություններից հետո ամենակոռումպացվածը համաշխարհային մակարդակով ոստիկանությունն է: Այս կառույցի համաթիվը 3,7 է: Հայաստանում այս համաթիվը 3,9 է: Շատ ավելի վատ են սեփական ոստիկանությանը գնահատել Ռուսաստանում՝ 4,5, Ուկրաինայում՝ 4,4:
Հայաստանի բնակիչների համար, սակայն, ամենակոռումպացվածը ընկալվում են ոչ թե ոստիկանները, այլ պետական պաշտոնյաները եւ հանրային ծառայողները՝ 4,0 համաթվով, դատական համակարգը՝ նույն 4,0 համաթվով եւ նույն արդյունքը ցույց տված առողջապահական համակարգը, իսկ ամենաքիչ կոռումպացվածը մարդիկ համարում են հասարակական կազմակերպություններին՝ 2,8:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ