Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշագիր. Խորհրդաժողովը կոչ է անում Վենետիկի հանձնաժողովին` հաշվի առնել քննարկված խնդիրները

Հուլիս 09,2013 15:03

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում 2013թ. հուլիսի 3-5-ը Երևանում հրավիրվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողով` մասնակցությամբ երեսուներկու երկրների պատվիրակությունների:

Խորհրդաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունն ունեցան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և այլ երկրների օրենսդիր մարմինների, սահմանադրական դատարանների և հավասարազոր մարմինների, արտաքին գործերի ու արդարադատության նախարարությունների, մարդու իրավունքների պաշտպանների պատվիրակություններ:

Խորհրդաժողովին ողջույնի խոսք հղեցին Հայաստանի Հանրապետության Նախագահը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահը:

Իրավունքի գերակայության շուրջ ծավալված քննարկումներում Խորհրդաժողովի մասնակիցները հաշվի առան Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հղումներն իրավունքի գերակայությանը և իրավունքի գերակայության ոլորտում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոտեցումները, «Իրավունքի գերակայության սկզբունքի» մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594(2007) բանաձևը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև «Ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիրը»:

Կենտրոնանալով իրավունքի գերակայության համատեքստում հայեցողությանն առնչվող հիմնահարցի վրա` արձանագրվեց, որ սույն Խորհրդաժողովը նաև Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում անցկացված «Իրավունքի գերակայությունը որպես գործնական հայեցակարգ» (Լոնդոն, 2012 թվականի մարտի 2) թեմայով խորհրդաժողովի տրամաբանական շարունակությունն է:

Իրավունքի գերակայության ընդհանուր շրջանակում Համաեվրոպական խորհրդաժողովի զեկույցները և քննարկումներն առնչվեցին հայեցողական գործառույթներին` որպես իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան մեկնաբանվելիք հասկացության հայեցակարգի: Մարդու իրավունքների ոլորտում հայեցողությունը (discretion) հաճախակի վկայակոչվում է որպես  հայեցողության սահմաններ (margins of appreciation): «Հայեցողությունը» դիտարկվում է իրավաստեղծ իշխանությունների (խորհրդարան` օրենքների միջոցով, կառավարություն` որոշումների միջոցով) և իրավակիրառ մարմինների (վարչարարության, ինչպես նաև դատական իշխանության) տեսանկյունից:

Օրենսդիր գործունեություն իրականացնելիս խորհրդարանն ազատ է կատարել երկրին հարիր դիտվող քաղաքական ընտրություն:  Այդուհանդերձ,  օրենսդրական գործունեություն իրականացնելիս խորհրդարանը սահմանափակված է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով: Խորհրդարանի օրենսդրական ընտրության շրջանակն ավելի լայն է այն ոլորտներում, որտեղ պետությունն առանձնաշնորհներ է տրամադրում, քան այն ոլորտներում, որտեղ այն սահմանափակում է իրավունքները:

Օրինականության և իշխանությունների տարանջատման սկզբունքներն ստեղծում են այն շրջանակը, որի մեջ կարող է իրագործվել հայեցողությունը: Խորհրդարանն առանցքային դեր է կատարում գործադիր իշխանության, մասնավորապես` վարչարարության հայեցողության սահմանափակման գործում: Օրենսդրական դրույթները պետք է հստակ և հասկանալի լինեն` հնարավորություն ընձեռելով գործադիր իշխանությանը կիրառել իր հայեցողությունը միայն այն ոլորտներում, որտեղ այն նպատակադրվել էր, և ոչ սոսկ այն պատճառով, որ օրենքը հստակ չէ կամ անորոշ է:

Օրենքի իրագործման ընթացքում հայեցողությունն անհրաժեշտ է սոցիալական իրողություններին պետության արձագանքի ճկունությունն ապահովելու համար:  Այդուհանդերձ, հայեցողության կիրառումը պետք է լեգիտիմացված լինի ընթացակարգային թափանցիկությամբ և կայացված որոշումների ներդաշնակ պատճառաբանությամբ:

Հայեցողության` որպես իրավունքի գերակայության տարրի շուրջ քննարկումը հնարավորություն ընձեռեց Խորհրդաժողովին նպաստել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շրջանում արժեքային համակարգի հետագա զարգացմանը և ապահովել գործնական մոտեցումներ առ այն, թե ինչպես հայեցողությունը կարող է համապատասխանեցվի իրավունքի գերակայության սկզբունքից բխող պահանջներին, ներառյալ` նորմերի աստիճանակարգությանը:

Խորհրդաժողովը կոչ է անում Վենետիկի հանձնաժողովին` հաշվի առնել քննարկված խնդիրները և առաջ քաշված լուծումները` «Իրավունքի գերակայության հարցացանկի» ուղղությամբ տարվող աշխատանքում:

Խորհրդաժողովը բարձր է գնահատում այս կարևոր և արդյունավետ միջոցառման կազմակերպման հարցում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը:

Խորհրդաժողովի մասնակիցները նաև ողջունում են Երևանում հեղինակների միջազգային լայն ընդգրկում ունեցող` «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմաները և մարտահրավերները» ժողովածուի հրատարակումը, ինչպես նաև Համաեվրոպական խորհրդաժողովի նյութերի հետագա տպագրությունը` որպես կարևոր նպաստ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրավունքի գերակայության զարգացմանը:

«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները

և իշխանությունների հայեցողության սահմանները

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով

համաեվրոպական խորհրդաժողով

 

04.07.2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031