Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանն ասում է` մի քանի օր էլ համբերեք` տրանսպորտի գները պարզ կլինեն (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 14:27

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը պատռեց այն մարդկանց դիմակները, որոնք երեկ հայտարարություն էին  արել, թե տրանսպորտի ոլորտում քաոսային վիճակ է եւ երթուղային գծերը սպասարկող ընկերությունները կարող են լուծարվել ավելորդ հարկային վճարների պատճառով:

Նշենք, որ երեկ Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հարությունյանն ասել էր, որ երթուղային գծերը սպասարկող ընկերությունները վնասով են աշխատում եւ եթե առաջիկայում կառավարությունը որեւէ լուծում չգտնի, ապա 65 ընկերություններ գործադուլ կանեն: «Կապի եւ տրանսպորտի նախարարություն չկա»,-երեկ այսպիսի հայտարարություն արեց հանրային խորհրդի ներկայացուցիչը, երբ Aravot.am-ն այս հայտարարությունը փոխանցեց նախարարին, պարոն Բեգլարյանն ասաց.«Այդ մարդիկ, որ խոսում են, եթե ուշադիր լսեք, ի օգուտ ժողովրդի չեն խոսում: Այդ հայտարարողը այն մարդն է, որ մի քանի տասնյակ հազար մարդկանցից գումարներ է վերցնում, տաքսիստների խնդիրներով զբաղվող երիտասարդն է»:

Երբ նշեցինք, որ հայտարարությունը ոչ թե  տաքսիների հիմնահարցերով զբաղվող «Քաղաքացիական հասարակություն» կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանն է արել, այլ հանրային խորհրդի ներկայացուցիչը, պարոն Բեգլարյանն ասաց. «Դա Դոստուրյանի նույն կարգավիճակն ունեցող մեկն է, կան երեք կազմակերպություներ` Դոստուրյանը, մյուսը այդ Հովհաննիսյանն է,  3-րդն էլ ի հայտ կգա` հենց սկսեց նախարարության դեմ խոսել, իմացեք դա 3-րդն է: Նրանք տարիներ շարունակ տաքսու վարորդներից հավաքագրել են գումարներ եւ յուրացրել, որոնց ծառայություններ չեն մատուցել: Նախարարությունը, քանի որ այդ գումարները վերացրել է, Դոստուրյանն ու այդ Տիգրանը զրկվել են բավականին մեծ գումարներից, որից օգտվել են տաքսու վարորդները, դրա համար անում են այս հայտարարությունները: Դոստուրյանն ու Տիգրանը նախկինում աշխատել են միասին, մոտիկ ընկերներ են եղել, հետո եկամուտը չեն կարողացել կիսել` բաժանվել են»:

Ինչ վերաբերում է երթուղային տաքսիների գործադուլի եւ ավելորդ հարկերի վճարման մասին հայտարարությանը, նախարարն ասաց`«Իմ սուբյեկտիվ կարծիքով` հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի այդ անձնավորությունը տրանսպորտին չի տիրապետում, ես լսել եմ նրան մի քանի անգամ, եւ ես դիմելու եմ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որ չի կարելի հանրային խորհուրդ տանել, դնել պաշտոնի մի մարդու, որը ընդհանրապես չի տիրապետում  թե ինչի մասին է խոսքը: Հայտարարություններ են անում գների մասին, առանց փաստերի»:

Պարոն Բեգլարյանն ասաց, որ այս պահին նախարարությունում հանձնաժողով է աշխատում եւ մանրամասն ուսումնասիրում են երթուղային գծերի սակագներն ու խնդիրները, ամեն ինչ անելու են, որպեսզի որոշումն ի օգուտ ժողովրդի լինի.«Մի քանի օրից մանրամասնորեն կներկայացնեմ հանձնաժողովի նկատառումներն ու տեսանկյունները: Իսկ անլուրջ մարդկանց հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել: Մի քանի տեսակի տրանսպորտային գներ կան` ավտոբուս, միկրոավտոբուս, մետրո եւ տրոլեյբուս եւ մոտ 40-ից ավելի գներ կան` քաղաքային, միջքաղաքային երթուղիների:Գները սկսվում են 100, 200 դրամից, վերջանում՝ 5000 դրամով: Եթե օրինակ` քաղաքում 10% ենք բարձրացնում, մյուս տեղերում 10%, եթե բարձրացվի, ապա 500 դրամ կարող է լինել տարբերությունը, տեղ կա` 50 դրամ, տեղ կա` 250 դրամ: Մի քանի օր էլ համբերեք, վերջնական կներկայացնենք»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Բեգլարյանը ավելի լավ է պատասխանի թե ինչու աշխատանքներ չեն կատարվում «Հյուսիս-Հարավ» -ի վրա։ Տապալելու է Հայաստանի համար այս շատ կարևոր այս նախագիծը․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031