Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մարգարեթե ֆոն Թրոթա. «Չեմ ուզում լինել միայն պատմական ֆիլմեր նկարողի դաջվածքով ռեժիսոր»

Հուլիս 09,2013 14:12

Գերմանացի դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթային այսօր կենդանի դասական են համարում՝ իբրեւ կին ռեժիսոր կինոյում արած հեղափոխության համար: Այսօր  «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները լրագրողների համար հնարավորություն ստեղծեցին մի քիչ երկար շփվել այդ ուժեղ կնոջ եւ հրաշալի արվեստագետի հետ: «Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնի  «Երեւանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում այսօր կկայանա նրա  «Հաննա Արդենդտ» ֆիլմի ցուցադրությունը՝ հրեական ծագմամբ գերմանացի փիլիսոփա Հաննա Արդենդտի մասին:

Պատասխանելով  «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Սամբոլցյանի հարցին, թե  երեսուն տարի առաջ էր ուզում ֆիլմը նկարել, ո՞րն էր ձգձգումների պատճառը, տիկին ֆոն Թրոթան նշեց, որ այն տարիներին դժվար էր կին փիլիսոփայի մասին ֆիլմ նկարել.  «Սցենարի համահեղինակը՝ Պեմ Կացը, որը Նյու Յորքից է, մենք լուրջ  աշխատանք ենք տարել, թե ինչպես կարելի է իրականացնել այդ գաղափարը…»: Նա նաեւ հավելեց, որ երբեք չի համակրել կամ արդարացրել նացիզմը:

Խոսելով կինոկրթության,  դրանով զբաղվող աշխարհում հայտնի հաստատությունների մասին, տիկին ֆոն Թրոթան նշեց. «Ես ոչ մի դպրոց չեմ անցել, բայց ոչ թե նրա համար, որ չեմ կարեւորել կինոկրթությունը,  այլ այն պատճառով, որ ուղղակի  ժամանակին աղքատ  էի: Իմ դեպքում մեծ է եղել շատ ֆիլմեր նայելու գործոնը…Դառնալով  դերասանուհի՝ ներքուստ հասկացա, թե ինչպես են կինոռեժիսորները աշխատում, Ֆոլկներ  Շլենդորֆի հետ ամուսնանալով, շատ բան  սովորեցի իրենից, բայց նաեւ շատ աշխատեցի…

Վաթսունականներին, երբ «նոր ալիքի» վիճակներով ոգեշնչված էի, Գերմանիայում անհնար էր պատկերացնել, թե  կարելի է կին ռեժիսոր լինել, մանավանդ որ այդ ալիքը չկար Գերմանիայում… Ի դեպ, առաջին ֆիլմս նկարելուց հետո, այլեւս իբրեւ դերասանուհի չնկարահանվեցի կինոյում, որովհետեւ ի սկզբանե  ցանկությունս էր դառնալ ռեժիսոր, իսկ դերասանուհի լինելը ընդամենը մի միջոց էր այդ ցանկությունն իրագործելու: Չնայած, ռեժիսոր դառնալուց հետո մի անգամ որպես դերասանուհի նկարվել եմ Զանուսիի ֆիլմում՝ «Կապույտ մորուքում»:

Ժամանակին Մարգարեթե ֆոն Թրոթան Բարբարա Զուկովայի հետ նկարվում էր Ֆասբենդերի ֆիլմերում, իսկ այժմ՝  Զուկովան իր ֆիլմերում է նկարահանվում:  Ինչպիսի՞ն են  հարաբերությունները Զուկովայի հետ այն ժամանակ եւ հիմա:

Ռեժիսորը նրան որակեց որպես Գերմանիայի ամենաինտելիգենտ դերասանուհի  եւ իր ամենահին էգոն. «Վստահ եմ, որ առանց իրեն «Հաննա Արդենդտը» ֆիլմը չէի անի»: Պատմեց նաեւ, որ ֆիլմում նկարահանվելուց առաջ դերասանուհին հարուստ գրականություն է կարդացել, անգամ Կոլուբիայի համալսարանի պրոֆեսորի մոտ հոգեբանություն եւ փիլիսոփայություն սովորել, որպեսզի պատրաստվի դերին:

Ինչ վերաբերում է այս ֆիլմի շուրջ աղմուկին, համարում է դարի աղմուկ եւ քննադատություն, ասելով, որ շատ է նեղվել, բայց դա իրեն ուժեղացրել է:

Իր հաջորդ ֆիլմը անձնական պատմություն է երկու քույրերի մասին, եւ  կապ չունի քաղաքականության հետ: «Ես չեմ ուզում լինել ռեժիսոր, որը միայն պատմական ֆիլմեր նկարողի դաջվածք ունի թաթու ունի: Ես ֆեմինիստ եմ, բայց դա չի նշանակում,  թե պատրաստ եմ տղամարդկանց սպանել, ես երեք անգամ ամուսնացած եմ եղել»,- ժպտալով ասաց ռեժիսորը: Ասուլիսի  վերջում էլ կատակեց, թե տղամարդատյաց  չէ, բայց պատրաստ է գնալ ճգնելու Հայաստանի գեղեցիկ վանքերից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031