«Այն երկրները, որոնք ուզում են կառավարել Թուրքիային, այդ երկրների համար ձեռնտու է Թուրքիայի թուլացումը, տրոհումը: Նրանց համար էլ Սեւրի պայմանագիրը կդառնա այն միջոցը, որը կարող են օգտագործել իրենց նպատակների համար: Որեւէ մեկը դա Հայաստանի նպատակների համար չի անելու, անելու են իրենց նպատակների համար, բայց կարող է գալ մի պահ, որ համընկնի մեր շահերին: Մենք պետք է պատրաստ լինենք մեծ փոփոխություններին, որի առջեւ կանգնած է Միջին Արեւելքը: Երբ իրավական փաթեթով կանգնած կլինենք, երբ կլինեն շահագրգռված երկրներ, որ Թուրքիայի փոխարեն պետք է լինի ոչ թե մեկ, այլ երկու- երեք երկիր, որ հավասարակշռվի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է պահանջելու կամ ճնշելու Թուրքիային կատարել Սեւրի պայմանագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեսակետ էր հայտնել, որ միջազգային իրավունքի հայ մասնագետների ուսումնասիրություններից երևում է, որ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը հայ ժողովրդի համար խիստ կարևոր միջազգային-իրավական փաստաթուղթ է՝ թեև այդ պայմանագիրը չի վավերացվել մասնակից երկրների կողմից, բայց և չի դենոնսացվել Լոզանի 1923թ. հուլիսի 23-ի պայմանագրով:
Պարոն Պապյանի խոսքերով, Հայոց ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ այդ համաժողովի ժամանակ քննարկվել են ցեղասպանությանն առնչվող տարբեր հարցեր. «Քաղաքական հայտարարություն արվեց Հայաստանի իշխանությունների կողմից: Դատախազը դա չասաց ընտանեկան միջավայրում: Նման միտք հնչեց իրավաբանի բերանից, նրան պաշտպանեցին մի շարք իրավաբաններ: Հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրն է ոչ թե ցեղասպանության փաստումը, այլ իրավական հիմանարար ամբողջական թղթածրարի պատրաստումը:
Բոլոր զեկուցողները շեշտը դրեցին, որ ճանաչման գործընթացն արդեն կատարված է, որ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություն կատարել եւ ճանաչման գործընթացից տեղափոխվել իրավական հարթություն, քննարկել հատուցման հարցը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ