«Նման երևույթների դրսևորումը, եթե իրականությանը համապատասխանում է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նման գործարքների մեջ են մտնում, երկիրը վարկաբեկում է, էլ չեմ խոսում բարձրաստիճան եկեղեցականների մասին»,-Aravot.am-ի հարցին՝ հավատո՞ւմ է, արդյոք, որ առանց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գիտության են նրա անունով հաշիվ բացել օֆշորում, այսպես պատասխանեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Շարունակելով թեման՝ նա նշեց. «Մինչև հիմա կասկածելու հիմքերը շատ են, բայց համապատասխան մարմինները պիտի փաստերը հաստատեն»: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են այդ հիմքերը: Կ. Մանոյանը պատասխանեց. «Կիպրոսի դատախազն ասում է, թե անհավանական է համարում, որ մեկի անունը դրվի՝ որպես սեփականատեր առանց իր գիտության»:
Փորձեցինք հստակեցնել՝ Կ. Մանոյանը հավատո՞մ է Կիպրոսի դատախազին: Նա պատասխանեց. «Չհավատալու պատճառ չունենք, թեև ինքն էլ կտրուկ վերջնական չի ասում»:
Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետն էլ ասում է, որ տեղյակ չի եղել, պարոն Մանոյանն այսպես արձագանքեց. «Կարող է չի իմացել, կարող է սխալմամբ ուրիշ բանի համա՞ր է անձնագիրը տվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ