Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանին ոչ մի բժիշկ չի տվել առողջությունը լրիվ վերականգնելու երաշխիք

Հուլիս 09,2013 13:48

0199Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանին ճանաչեց հայցվոր, իսկ նրա մահափորձի գործով ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին եւ Սամվել Հարությունյանին՝ քաղաքացիական պատասխանող: Դա նշանակում է, որ Հայրիկյանը իրավունք ունի իրեն պատճառված վնասի հատուցման հայցով դիմել դատարան: Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը պահանջելու է Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից հօգուտ տուժող Պարույր Հայրիկյանի բռնագանձել 42 մլն 524 հազար ՀՀ դրամ: Ըստ փաստաբանի, հայցադիմումի՝ 20 մլն 500 հազար դրամը 28.03.2013թ. մինչեւ 16.05.2013-ը արտերկրում վիրահատվելու եւ բուժվելու համար է, 20 մլն 500 հազարը՝ երկրորդ վիրահատության եւ բուժման համար: Ըստ Լեւոն Բաղդասարյանի, սկսած այս տարվա փետրվարի 1-ից մինչեւ 2015թ. ապրիլի 18-ը ընկած ժամանակահատվածի համար, յուրաքանչյուր օրվա համար 3000 դրամ՝ որպես դեղամիջոցների, վիտամինների եւ բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու, որը կազմում է 808 օրվա համար ընդամենը 2 մլն 424 հազար դրամ: Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը  իր հայցադիմումում նշել էր նաեւ ՀՀ առողջապահության նախարարության այս տարվա մայիսի 24-ի գրությունը, որն ուղղվել էր «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լեւոն Բաղդասարյանին, որով տեղեկացվել էր, որ Հայրիկյանի բուժման իրականացումը առնչվում է հրազենային կրակոցներից ստացած մարմնական վնասվածքներին եւ թեեւ հանրապետության լավագույն մասնագետների կողմից կազմակերպվել է Պարույր Հայրիկյանի վիրահատումն ու բուժումը, որը կատարվել է պետպատվերի շրջանակներում, սակայն որոշվել է Հայրիկյանի հետագա բուժումն ու վիրահատությունը անցկացնել արտերկրում:  ՀՀ կառավարության մարտի 28-ի 291-Ա որոշման համաձայն, կառավարությունը հաշվարկել է այն գումարը, որն անհրաժեշտ էր Հայրիկյանին բուժվելու եւ վիրահատվելու համար (20 մլն 500 հազար դրամ): Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ Հայրիկյանի վնասվածքները Հայաստանում բուժելը, վիրահատվելը եւ արտերկրում բուժվելը ուղղակի կապ ունեն   Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի  դեմ հարուցված քրեական գործով տուժողի ստացած վնասվածքների հետ: Լեւոն Բաղդասարյանը գտնում է, որ Հայրիկյանը վնաս է կրել եւ ոչ մի բժշկական կենտրոն, ոչ մի բժիշկ չի տվել երաշխիք, որ հանցագործության պատճառած առողջության տեւական քայքայումը լրիվությամբ վերականգնվելու է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031