ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիտարկումները ՎՊ-ի 2012 թվականի աղմկահարույց հաշվետվության մասին
– Համենայնդեպս, Վերահսկիչ պալատի ներկայացրածը՝ բավականին մեծ ծավալներ, բարձր թվեր, ծանր տպավորություն էր թողնում:
– Համաձայն եմ: Այս իմաստով փորձեմ շարունակել օրենքին առնչվող թեման: Այստեղ շատ կարեւոր է, որ մենք տեսնենք դինամիկաները, գործընթացների զարգացումները: Վերահսկիչ պալատի նախագահը ասում է, որ 6 տարի անընդհատ այստեղ ներկայացվում են մեր աշխատանքների արդյունքները, ստուգումներ եւ վերահսկողություն իրականացնում: Եվ ոչ միայն այս 6 տարին, այլեւ դրանից առաջ էլ ՎՊ-ն աշխատել է բազմակողմանիորեն ու մեծ ծավալով ու ծրագրերով աշխատանք են կատարել: Որպեսզի ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ պետական կառավարման այլ մարմինների, ե՛ւ հասարակության կարծիքը լինի ճշգրիտ, մենք պետք է ունենայինք գործընթացների զարգացումներ: Այսինքն՝ կարողանայինք հասկանալ՝ ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվում, արդյոք տարեցտարի նվազո՞ւմ են չարաշահումների չափերն ու տեսակները: Կառավարությունն ասում է՝ կա լրջագույն առաջընթաց, կոռուպցիոն ռիսկերը նվազում են, ՎՊ-ն համաձայնվում է դրա հետ, նաեւ օրինակ բերում, որ, ասենք, նախկինում շատ ավելի էին եղել ծավալային հավելագրումների դեպքերը, որոնք հիմա գրեթե չկան: Այսինքն՝ սա արդեն որոշակի արդյունք է, որոշակի փոփոխություն: Սա կատարվում է ինչպես վերահսկողական լայնամասշտաբ աշխատանքների, որոնք բացի ՎՊ-ից՝ կատարում են նաեւ բազմաթիվ այլ ստուգող կազմակերպություններ, ինչպես նաեւ օրենսդրական բազմաթիվ կարգավորումների շնորհիվ: Այդ կարգավորումները վերջին տարիներին շատ ավելին են եղել, քան նախորդ 10-15 տարիների ընթացքում. այս մասին եւս կառավարությունը խոսել է: Բայց հաշվետվության բնույթն այնպիսին է, որ ՎՊ-ն ստուգում է որոշակի ծրագրերի ծավալ (բնականաբար, ամբողջը ստուգել ի վիճակի չէ) եւ էքստրապոլյացիա անում ողջ բյուջետային ծավալների վրա ու արդյունքում ստանում հսկայական թվեր, որոնք ե՛ւ այս դահլիճում, ե՛ւ հասարակության մեջ շատ ծանր տպավորություն թողեցին:
Կարդացեք նաև
Այս իմաստով է, որ կուզենայի երկրորդել հանրապետության նախագահի մոտեցումը այն մասին, որ գնահատականը փետք է փաստին տրվի, եւ յուրաքանչյուր փաստ իր բովանդակությամբ ու ծավալով պետք է գնահատականի արժանանա:
Այս քննարկման համար շատ կարեւոր թեմա էր նաեւ միասնական մեթոդաբանության եւ ծրագրերի արդյունքների չափելի ցուցանիշների բացակայությունը, որովհետեւ ՎՊ-ը գնահատում է այս կամ այն ծրագրի կամ ծախսի արդյունավետությունը: Այստեղ հարց է՝ ի՞նչն ենք համարում արդյունավետ եւ ինչը՝ ոչ, ո՞ր չափից ու տոկոսից հետո է սկսվում արդյունավետությունն ու անարդյունավետությունը: Ստացվում է՝ մենք գնահատում ենք մի բան, որի գնահատման համակարգը չկա: Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել ծրագրային բյուջետավորման մասին, որի ուղղությամբ արդեն մի քանի տարի աշխատանքներ են տարվում, ու հուսով եմ, որ շուտով մենք բյուջեի ամբողջ ծավալով կանցնենք ծրագրային բյուջետավորման եւ դրանով իսկ կլուծենք պարզության եւ գնահատականների միասնականության հարցը: Եվ կպակասեն իրարամերժ գնահատականների դեպքերը:
– Իսկ ի՞նչ է նշանակում ծրագրային բյուջետավորում:
– Դա նշանակում է, որ պետական բյուջեի կառավարիչը այլեւս ոչ թե պարզապես ֆինանսավորում է տրամադրում, այլեւ իրագործում է ծրագիր՝ իր առջեւ նպատակներ դնելով: Այդ նպատակները չափելի պետք է լինեն եւ գնահատելի: Այսինքն՝ ծրագրի իրագործման վերջում մենք պետք է ունենանք չափելի արդյունքներ եւ կարողանանք գնահատել՝ արդյոք նախատեսած ծրագիրը իրագործելով հասե՞լ ենք այն նպատակներին, ինչ ակնկալում էինք: Անդրադառնամ մեկ օրինակի, որը ներկայացված էր ՎՊ զեկույցում՝ էկոնոմիկայի նախարարության «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի ստուգման արդյունքներին: ՎՊ-ն տվել էր իր գնահատականը, որ այդ ծրագրերն անարդյունավետ են, բայց այստեղ կարեւոր է հասկանալ մի բան, որ այդ ծրագիրը իրագործվում է հենց նրա համար, որ սկսնակների մոտ ձեւավորվեն հմտություններ, նրանց համար կազմակերպվեն ուսուցումներ, որոնց արդյունքում մարդիկ կարողանան հիմնադրել կամ զարգացնել իրենց բիզնես կազմակերպությունները: Այսինքն՝ սրանք այն ծրագրերն են, որոնց մեջ ի սկզբանե որոշակի ռիսկայնություն արդեն նախատեսված է, որովհետեւ չենք կարող մտածել, որ, ասենք, հենց 10 սկսնակից 10-ն էլ անպայման գնալու են իրենց բիզնեսը զարգացնեն եւ բիզնեսմեններ դառնան:
Հաջորդը, որ շատ կարեւորում եմ, նախահաշիվների եւ գների բանավեճի թեման է: Կարծում եմ՝ այս ծեծված թեմային անընդհատ վերադառնալը բացարձակ արհեստական է: Գնումների մասին օրենքը իր ողջ գաղափարախոսությամբ այդ հարցին պատասխանել է՝ նախահաշիվը տնտեսվարողին եւ պետությանը կամ պատվիրատուին կապող փաստաթուղթ չի հանդիսանում, դա ընդամենը պետության ներքին փաստաթուղթն է, ներքին հաշվարկն է՝ իր միջոցները պլանավորելու նպատակով: Եթե աշխատանքները կատարվեին նախահաշիվներով, ապա տենդերները այլեւս ավելորդ կլինեին, եւ ուրեմն կվերադառնայինք պլանային էկոնոմիկային՝ նախապես հաշվարկված կայուն գնով պատվեր տեղադրելուն: Պլանային էկոնոմիկան բարեհաջող վախճանվել է 20 տարի առաջ: Շուկայական տնտեսության փիլիսոփայությունը եւ մեր գործող օրենսդրությունը ասում են, որ պատվիրատուն պատվիրում է որոշակի պայմաններով բարձր որակով աշխատանքների կատարում հնարավորինս ցածր գնով: Տենդերի արդյունքում պատվիրատուի եւ կատարողի միջեւ կնքված պայմանագիրը նրանց հարաբերությունների իրավական հիմքն է: Տնտեսվարողը իր առաջարկած գինը պետք է ապահովի՝ հնարավոր է, որ մի ապրանքը առնի Ձեր նախահաշվի գնից թանկ, բայց անպայման մեկ ուրիշն էլ կառնի էժան, այլ կերպ չի տեղավորվի:
Երբ կարդում ես հաշվետվությունը, նկատում ես, որ մեծամասամբ դեպքերն ավարտվում են նրանով, որ վերականգնվել է կամ ենթակա է վերականգնման այսքան գումար: Ես հատուկ հանեցի անցյալ հաշվետվությունները. այնտեղ էլ նույնն է: Ի պատիվ ՎՊ-ի ասենք, որ մեծ մասամբ վերականգնվել է: Բայց ո՞վ է վերականգնում այդ գումարները: Բնականաբար, շղթայի վերջին օղակը՝ տնտեսվարողը: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչպիսին էր խնդրի բնույթը, ինչով է պայմանավորված, ով էր մեղավոր՝ վճարում է մեկ մարդ՝ տնտեսվարողը: Կատարված աշխատանքների համար վճարումը բյուջեից կատարվում է կատարողական ակտերի հիման վրա, որը հաստատվում է տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության եւ պատվիրատուի կողմից: Սրանք մեխանիզմի այն մասերն են, որոնք ապահովում են թե՛ բյուջետային կարգապահությունը եւ թե՛ նպատակայնությունն ու որակը: Պարզ է, որ այս մեխանիզմի աշխատանքում մենք խնդիրներ ունենք: Այլ կերպ այդ գումարները բյուջեից պարզապես դուրս չէին գա: Ուրեմն անհրաժեշտ է առավել ուշադրությամբ վերաբերվել՝ առաջարկներ կատարելագործելու ուղղությամբ, պատիժներ՝ չարամտության դեպքում, այլ ոչ թե միշտ եւ միակ մեղավորը եւ հատուցողը լինի տնտեսվարողը:
Գնումների քաղաքականության մեկ այլ հարց՝ մի կազմակերպություն աշխատանքը որակով է անում, մյուսը՝ անորակ: Ճիշտ է, հետավարտական երաշխիքների ժամկետ կա, բայց գուցե ավելի ճիշտ լինի, որ տենդերում հաղթելու համար ցածր գնից բացի՝ որակական չափորոշիչներ դնենք, թե չէ՝ մեկը էժան գին է դնում, տենդերը հաղթում է, հետո անորակ աշխատանք անում՝ օգտվելով որակի ոչ հետեւողական հսկողությունից: Կամ էլ հետո պաշտոնյաների հետ պայմանավորված ավելացնում է ծավալները: Քննարկման ընթացքում հնչեց, որ հողը եւ գույքը կադաստրային արժեքից էժան են վաճառել: ԱԺ նախագահը համեմատեց՝ այսօր Վրաստանում գույքն էլ, հողն էլ անվճար տրամադրում են սեփականություն, միայն թե տնտեսվարողները նոր ծրագրեր սկսեն, նոր աշխատատեղեր բացեն: Այդ իմաստով հաճելիորեն զարմացած եմ Ազգային ժողովում քաղաքաշինության նախարարի ելույթից, որը բազմաթիվ հրատապ թեմաներից խոսելով՝ անհանգստություն հայտնեց նաեւ այս ամենի արդյունքում տնտեսվարողների վիճակից: Առանց այն էլ այսօր տնտեսվարողների տնտեսական մոտիվացիան բիզնեսով զբաղվելու շատ ցածր է: Նման քայլերը, ինչպես ընդգծեց նախարարը, կբերեն բիզնեսի, որակյալ մասնագետների փախուստի եւ որակի նվազեցմանը:
Կարծում եմ՝ շնորհիվ ՎՊ-ի կատարած աշխատանքների կարեւոր եւ խորքային քննարկում բացվեց, որը անհրաժեշտ է առկա թերությունների վերացման արդյունավետ ուղղությունները եւ լուծումները գտնելու համար: Կարծում եմ՝ այս քննարկումները պիտի շարունակվեն. գործ շատ կա անելու: Աշխատանքները պետք է լինեն կոնստրուկտիվ դաշտում, խիստ եւ հետեւողական, առարկայական եւ փաստարկված՝ առանց պիտակավորումների եւ գնահատականների, առանց անտեղի ինտրիգներ եւ շահարկումներ կատարելու: Այս շահարկումների ալիքն էլ կմարի, իսկ մենք պարտավոր ենք կատարել աշխատանքը, որը խիստ անհրաժեշտ է, եւ ինչպես հանրապետության նախագահն ասաց՝ սա այն անխուսափելի ճանապարհն է, որը մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ