Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժված սեր

Հուլիս 09,2013 13:56

Ես, իհարկե, չեմ պատրաստվում վիճել Հեգելի հետ, որը պնդում էր, թե մարդկային հարաբերություններում ամեն ինչ հիմնված է գլխավոր զգացմունքի՝ սիրո վրա, բայց եւ ակնհայտ է, որ հասարակությունը, ցանկացած հասարակություն մեծ վերապահումներով է վերաբերում նրանց, ովքեր սիրում են միմյանց:

Եթե չեք հավատում, փորձեք սիրահարվել: Ու միանգամից էլ կզգաք հանրության ճնշումը:

Միգուցե նրանից է, որ սերը խանդ է ծնում: Ու միգուցե դա նաեւ բնական է, քանզի եթե Հեգելը ճիշտ է ու ամեն ինչ հիմնված է սիրո վրա, ապա նվիրելով ողջ սերդ քո սիրած էակին, դու պակասեցնում ես քո սիրո չափաբաժինը հանրության նկատմամբ:

Կամ միգուցե հանրությունը պարզապես սեփական դառը փորձից ելնելով է ուզում քեզ զգուշացնել, որ սիրահարվելը բավական վտանգավոր բան է՝ չէ որ հանրությունը ժամանակ առ ժամանակ սիրահարվում է հերթական առաջնորդին, իսկ որոշ ժամանակ անց հասկանալով, որ այդ լիդերը պարզապես չարաշահում է հանրության սերը, խորը հիասթափություն է ապրում:

Եվ, վերջապես, հանրությունը պարզապես չի սիրում, երբ ինչ-որ մեկը շեղվում է, իսկ սիրահարվածները շեղվում են: Բայց ասե՞լ սիրահարվածներին՝ մի սիրիր, որ չդատվես… Չդատվես՝ բառիս բուն իմաստով…

Հայաստանում քչերը գիտեն, որ գրեթե մեկ տարի է արդեն, ինչ ողջ անգլիական հասարակությունը խոսում է Սասեքս նահանգի մի ուսուցչի եւ նրա աշակերտուհու սիրո պատմության մասին: Մաթեմատիկայի դասատու Ջերեմի Ֆորեսթը 30 տարեկան էր, իսկ աշակերտուհին, որի անունը հասկանալի պատճառներով մինչեւ այժմ չի հրապարակվում, 15 տարեկան, երբ սկսվեց այս պատմությունը:

Փոխադարձ համակրանք զգացին, հետո սկսեցին թաքուն հանդիպել, հետո Ջերեմին աղջկան հրավիրեց իր տուն: Աղջիկն իմացավ, որ նա ամուսնացած է, բայց կնոջ հետ գրեթե չի շփվում, թեեւ ապրում են նույն հարկի տակ: Ու այդպես սկսվեց ու խորացավ…

Հետո այլեւս հնարավոր չէր թաքցնել հարաբերությունները, գործընկերները հորդորում էին ուսուցչին ուշքի գալ, զգուշացնում էին հնարավոր հետեւանքների մասին: Բայց երեւի արդեն ուշ էր եւ հետդարձի ճանապարհ չկար: Համաձայնեք, ընդհանրապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչ է նշանակում հետդարձի ճանապարհ, երբ սիրահարված ես:

Ու նրանք որոշեցին փախչել: Երբ Լա Մանշի ափին լաստանավ նստեցին, Ջերեմին անմիջապես ծովը նետեց իր բջջայինը, որ չկարողանան հետեւել իրենց տեղաշարժին: Հասան Փարիզ, մի քանի օր մնացին այնտեղ, հետո Բորդո… Հեռուստացույցը չէին միացնում ու չգիտեին, որ ողջ Բրիտանիան արդեն խոսում է այն մասին, թե ուսուցիչը առեւանգել է անչափահաս աղջկան եւ որ ոստիկանությունը միջազգային հետախուզում է հայտարարել: Բայց կռահում էին:

Ութ երանելի օր Ֆրանսիայում: Ինչից հետո տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար անխուսափելիորեն տեղի է ունենում կյանքից կտրվածների հետ՝ փողերը պրծան: Ջերեմին գնաց աշխատանք որոնելու: Ինչ պետք է անի մաթեմատիկա դասավանդող բրիտանացի ուսուցիչը Ֆրանսիայում: Հյուրանոցի հարեւանությամբ սրճարան կար, որտեղ նախաճաշում էին: Միգուցե այնտե՞ղ ինչ-որ աշխատանք կգտնվի: Սրճարանի տիրոջը դիմելը օրհասական եղավ: Հենց որ Ջերեմին ցույց տվեց իր փաստաթղթերը, սրճարանի տերը անմիջապես զանգահարեց ոստիկանություն:

Աղջիկն ասում էր՝ փախչենք, քանի դեռ ոստիկանները չեն եկել: Բայց Ջերեմին լուռ ու անշարժ սպասում էր՝ նրա կանխորոշված ապագա ճակատագիրն արդեն ծանրացել էր ուսերին: «Ինձ դատելու են ու մենք երկար ժամանակ միմյանց չենք տեսնելու»: Երբ ոստիկանները եկան ու նստեցրին նրանց առանձին մեքենաներ, ուսուցիչն ու աշակերտուհին միայն հասցրին արտաբերել՝ «Ես քեզ սիրում եմ»…

Անցած ամիս Մեծ Բրիտանիայում կայացավ Ջերեմի Ֆորեսթի դատը: Աղջիկը համառորեն չէր ցանկանում ցուցմունք տալ սիրած մարդու դեմ: Աշակերտուհուն հենց դպրոցից բերման ենթարկեցին ու բերեցին դատարան: «Ես վախենում էի, որ նա կբարկանա, բայց Ջերեմին ժպիտը դեմքին լսում էր, թե ինչպես եմ ես խոստովանում ամեն ինչ, ու վերջում շշնջաց՝ «Ես քեզ սիրում եմ», պատմել է աղջիկը բրիտանական թերթերից մեկին: Ի դեպ, աղջիկը հիմա արդեն 16 տարեկան է, այսինքն՝ չափահաս, ու զարմանում է՝ «Բայց միթե մի քանի ամսվա տարբերությունը այդքան վճռորոշ նշանակություն կարող է ունենալ: Միթե այդքան մեծ տարբերություն կա 15-ի ու 16-ի միջեւ: Չէ որ ես նույնն եմ եւ զգացմունքներս էլ նույնն են մնացել: Այդ ես նրան համոզեցի փախչել Ֆրանսիա եւ ես եմ մեղավոր, որ նա հիմա ձերբակալված է: Մենք միմյանց սիրում ենք՝ սիրելը հանցա՞նք է»:

 

Բայց դատարանում ճիշտ ու հիմնավոր խոսքեր հնչեցին՝ «Ուսուցիչը երբեք իրավունք չունի նման վարքագիծ դրսեւորելու, քանզի մարդիկ վստահում են ուսուցչին, վստահում են ամենաթանկ բանը՝ իրենց երեխաներին: Եվ մանկավարժը երբեք չպետք է անցնի այն սահմանը, որը գոյություն ունի իր եւ աշակերտի միջեւ»:

Ավելին, շատերն առաջարկեցին՝ այս դեպքի բոլոր մանրամասները մենք պետք է տարածենք ողջ կրթական համակարգում, որպեսզի այս գործը դաս հանդիսանա բոլորի համար:

Աղջկան դատարանում զոհ էին անվանում: Համաձայնեք, մի փոքր տարօրինակ է հնչում: Զոհ, որի ամենամեծ ողբերգությունը՝ դատապարտումն է մի մարդու, որի զոհն է համարվում նա:

Ջերեմիին դատապարտեցին 5,5 տարվա ազատազրկման՝ 4,5 տարի՝ անչափահասի հետ սեռական հարաբերությունների, այսինքն՝ մանկապղծության, եւ մի տարի էլ՝ աշակերտուհուն առեւանգելու համար: Նրան զրկեցին նաեւ հետագայում երեխաների հետ աշխատելու իրավունքից: Պարզվեց, որ այդ հինգուկես տարվա ընթացքում ուսուցիչն ու աշակերտուհին շփվելու հնարավորություն էլ չեն ունենա, որովհետեւ բրիտանական օրենքներով մանկապղծության համար դատապարտվածները ընդհանրապես իրավունք չունեն ոչ հանդիպելու, ոչ էլ հեռախոսով կամ նամակագրությամբ շփվելու 18 տարեկանից ցածր երեխաների հետ:

Դատարանում նաեւ ասվում էր, որ ուսուցիչը, այդպես վարվելով, մեծ ցավ է պատճառել աղջկա ծնողներին: Իրողությունը սա է՝ աշակերտուհու մայրը, որի հետ աղջիկը շատ լարված հարաբերություններ ունի ու չի էլ ապրում նրա հետ, ասում է՝ «Ես կորցրեցի աղջկաս»: Իսկ հայրը բավական հանգիստ է վերաբերվում կատարվածին ու հայտարարում է՝ «Եթե սիրում են միմյանց ու հետո կցանկանան ամուսնանալ, ես ինքս աղջկաս կուղեկցեմ պսակադրության»…

Նրանք ուզում են ամուսնանալ եւ երեխաներ ունենալ՝ երկուսն էլ ասել են այդ մասին: Բայց նախ պիտի վճարեն գինը՝ հինգուկես տարի: Այդքան է հասարակությունը սահմանել նրանց համար, ովքեր փորձում են շեղվել: Արդյոք կարելի՞ է մեղադրել հասարակությանը: Հազիվ թե՝ հասարակությունն էլ ինքնապաշտպանական բնազդ ունի ու անում է ամեն ինչ, որպեսզի ամուր մնան, երբեք չսասանվեն իր հիմքերը: Մնացածը, կներեք, սիրո ոլորտից է… Այսինքն՝ ինչ-որ իմաստով շեղում…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Տխուր պատմություն է…
    Ես զարմացա որ այն կատարվել է Անգլիայում,մի երկիր, որտեղ դասական բարոյականության և այլասերության սահմանները միաձուլվել են:Մի երկիր,որը վերջին մի քանի տարում անում է ամեն ինչ,որպեսզի ոչնչացնի մարդկության գոյության համար կարևորագույն երեք պայմանները – ՀԱՎԱՏՔԸ,ՀԱՅՐԵՆԻՔԸ և ԸՆՏԱՆԻՔԸ:
    Թողնելով մի կողմ ՈՒՍՈՒՑՉԻ քայլի,վարքի բարոյականության մշուշոտ կողմը,պետք է հիշել որ ՍԵՐԸ պատվերով չէ,երբ այն գալիս է,չի հարցնում ոչ տարիքը,ոչ հասարակության մեջ ունեցած դիրքը,ոչ սեռը և ոչ էլ քաղաքական հայացքները:
    Անկեխծորեն ասաց ես ՍԵՐԸ համարում եմ հիվանդություն.Այն վիրուսի նման մի բան է,որից հիվանդանում է մարդու ՀՈԳԻՆ:Միտքը և բանականությունը ՀՈԳՈՒ դեմ անզոր են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031