Ստեփանակերտը չի ուրացել եւ իր «քույր» քաղաքի անունն էլ է նստարանին նշել:
Այս հարցում Ստեփանակերտի երիտասարդների «սիրտը կախ» է, բայց եւ հասկանում են, որ պատերազմական գոտում են
ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն ինչ-որ հարց պետք է քննարկեր մեր խմբի ղեկավարի հետ, ստիպված եղավ մեզ սրճարանում ընդունել. նախարարության շենքի պահակ-ոստիկանը պաշտոնյային հորդորել էր դուրս գալ, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Ոչ աշխատանքային ժամին ո՛չ տվյալ գերատեսչության պաշտոնյան, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ չպիտի այդ շենքում գտնվեր, եւ որեւէ մեկն իր աշխատանքը կատարող պահակ-ոստիկանին իրավունք չուներ հակառակելու: Ստեփանակերտում շրջելիս նկատելի էր, որ պետական ապարատի՝ կարգուկանոնով շարժվելն իր հետքն է թողնում նաեւ քաղաքացիների վրա. առաջին բանը, որ Ստեփանակերտում աչքի է զարնում, մաքրամաքուր փողոցներն են: Եվ դա ամենեւին էլ պայմանավորված չէր սանմաքրման լավ աշխատանքով. անգամ ծայրամասերում ոչ մի ստեփանակերտցի չի փորձում իր քաղաքը կեղտոտել ու աղբն աղբամանից դուրս թափել: Քաղաքը մաքուր էր նույնիսկ օրվա վերջում: Ստեփանակերտի փողոցներում չես տեսնի աչքին տհաճ ու քաղաքի տեսքն աղավաղող գովազդային պաստառներ, շինություններ, գազա եւ բենզալցակայաններ: Քաղաքի երկու ծայրամասերի՝ մուտքի եւ ելքի ճանապարհին գործող ավտոմեքենաների լիցքավորման օբյեկտներն էլ խնամված էին, կոկիկ՝ ունենալով սպասասրահ, սանհանգույց ու ծաղկանոց:
Այստեղ թիկնապահներով շրջող պաշտոնյաների էլ չես հանդիպի: Լեռնային Ղարաբաղում հատուկենտ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք թիկնապահ ունեն: Ստեփանակերտցիները պատմում էին, որ այստեղ պաշտոնյաները հասանելի են: Նրանք ոչ թե «ջիփ»-երով են շրջում՝ խուսափելով քաղաքացիներից, այլ ազատ շրջում են փողոցներում, գնում սրճարաններ եւ ոտքով զբոսնում: Ժամը 8-ից հետո Ստեփանակերտի հրապարակը ավտոմեքենաների համար փակվում է: Ով ուզում ես եղիր, ոստիկաններն արգելում են այդ ժամին հրապարակում մեքենա վարել: Արգելքը նրա համար է, որպեսզի մարդիկ հանգիստ վայելեն իրենց զբոսանքը, երեխաները խաղան ու հեծանիվ վարեն: Ստեփանակերտի փողոցներում անհարկի ազդանշանով, բարձր երաժշտությամբ, «ճռռոցներով» ու կարմիր լույսի տակով անցնող մեքենա էլ չես տեսնի:
Կարդացեք նաև
Չնայած Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները ջանացել են, որ իրենց քաղաքը լինի հարմարավետ, ունենա սրճարաններ, այգիներ ու այլ ժամանցի գոտիներ, սակայն մի հարցում Ստեփանակերտի երիտասարդության սիրտը կախ է. ժամը 22-ից հետո, ինչպես ստեփանակերտցի «ջահելները» նշեցին մեզ հետ զրույցում, այսպես ասած՝ «տժժալու» տեղերը փակվում են: Բոլոր միջոցառումներդ պիտի կազմակերպես մինչեւ այդ ժամը, հակառակ դեպքում «քեֆդ» կիսատ կմնա:
Քաղաքային իշխանությունների այս պահանջը երիտասարդները ծանր են տանում, բայց եւ հասկանում են, որ պատերազմական գոտի լինելով է պայմանավորված, ու թեեւ այս պահին զինադադար է, բայց պատերազմի վտանգն ամեն վայրկյան օդում կախված է: Դրսից եկած մարդու համար, թերեւս, սա էր միակ բանը, որը հիշեցնում էր՝ պատերազմն, այնուամենայնիվ, դեռեւս չի ավարտվել:
Առհասարակ, եթե մարդ տեղյակ չլինի, որ տարիներ առաջ այստեղ ռումբեր են պայթել, մարդիկ են զոհվել եւ Ստեփանակերտի շենքերի մեծ մասը հավասարեցված են եղել գետնին, հիմա քաղաքի փողոցներով քայլելիս ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ