«Ես որեւէ հակասություն չեմ տեսնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման եւ Մաքսային միության միջեւ, ավելին՝ ես համարում եմ արհեստական Մաքսային միության վերաբերյալ քննարկումները»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը: Պատասխանելով մեր այն հարցին, որ վերջերս կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Մաքսային միությանը միանալու համար եւ ձախողելու նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, պարոն Գրիգորյանն ասաց, որ Ասոցացման նախաստորագրումն անպայման կլինի. «Ես չեմ կարծում, որ պետք է հակադրել իրար մեր համագործակցությունը Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների հետ այլ պայմանագրի: Այդ Մաքսային միությունը, որտեղ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, այստեղի խաղի կանոնները իրոք հակասում են նույն առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խաղի կանոններին: Եվ քանի որ Ռուսաստանն արդեն դարձել է ԱՀԿ անդամ, եւ հիմա Ղազախստանն էլ է ձգտում դառնալ, ակնհայտ է, որ այդ Մաքսային միությունը կամ կռեֆորմվի, կամ կքանդվի: Մաքսային միության վրա պետք չէ արիենտացիա դնել, քանի որ այդ Մաքսային միությունում ոչ մի բան չունենք` սահման չունենք, Մաքսային միությունը ոչինչ չի տա մեզ»:
Ըստ պարոն Գրիգորյանի՝ եթե Մաքսային միության պայմանները փոփոխվեն, ապա այդ դեպքում ոչ մի հակասություն չի լինի Եվրոպայի հետ Հայաստանի համագործակցության առումով. «Իսկ Եվրասիական միության վերաբերյալ քննարկումներ կարող են անցկացնել այն ժամանակ, երբ Ռուսաստանը հստակ կասի, թե ինչ է դա իրենից ներկայացնում՝ դա միջպետական դաշի՞նք է, այդ միության մեջ ի՞նչ պետք է լինի, կլինե՞ն պետական ինստիտուտները, թե՞ ոչ, եւ այլն, եւ այլն: Երբ ճշտվի, այդ դեպքում կնստենք, կխոսենք: Իսկ Ասոցացման պայմանագիրը կստորագրվի, քանի որ Հայաստանը վերջին 2 տարում ակտիվորեն աշխատում է եւ կատարում Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ներկայացված բոլոր պայմանները, այդ թվում նաեւ՝ ազատ առեւտրի գոտու պայմանագրի հետ կապված»: Բացի այս, քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը քաղաքական ոլորտում նաեւ բավարարում է ԵՄ պահանջները. «Հայաստանում չկա այն խնդիրը, որը որ կա, ասենք՝ Ուկրաինայում՝ Տիմոշենկոյի հետ կապված: Առեւտրի ոլորտը, վիզաների հեշտացման հարցը, ռեադմիսիայի պայմանագիրը՝ սրանք հակասության մեջ չեն մտնում այն ոլորտներում, որտեղ մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանի հետ մենք ռազմաքաղաքական ոլորտում ենք աշխատում, եւ դրանք տարբեր, իրար չհակասող ոլորտներ են»:
«Առավոտի» այն հարցին էլ՝ այդ դեպքում ինչի՞ մասին է խոսում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նման մեծ ծավալի ու վտանգավոր զենք վաճառելը, եթե դա Մաքսային միությանը միանալուն «մեսիջ» չէր, քաղաքագետն ասաց. «Չեմ կարծում, թե գազի գնի կամ զենքի վաճառքը կապված է մեր՝ Մաքսային միության վերաբերյալ դիրքորոշման հետ, բացի դրանից՝ Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարիներին ռազմաքաղաքական չէ: Ռուսաստանը գործում է ըստ պահի. այս պահին ձեռնտո՞ւ է գազի գնի բարձրացումը՝ անում է, ձեռնտո՞ւ է Ադրբեջանին զենք վաճառելը՝ անում է դա, քանի որ 1 միլիարդ դոլարը փոքր գումար չէ նաեւ Ռուսաստանի համար: Չեմ կարծում՝ Ռուսաստանը հեռանկարային քաղաքականություն է վարում, ավելի շատ տակտիկական է, բայց ոչ ռազմավարական»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ