Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարկ է նորոգել բեմադրական լեզուն»

Հուլիս 09,2013 13:40

«Նոր Յառաջը»՝ ավեդիկյանական «Անուշի» մասին

Աշխարհում ընդունված է  դասական ստեղծագործությունները (դրամատիկական եւ երաժշտական)  ռեժիսորի կողմից յուրովի մեկնաբանություններով ներկայացնելը: Առանց բացառության՝ բոլոր բեմադրիչները անդրադառնալով դասական գործերին, համոզված են, որ իրենք նոր խոսք են ասում, մինչդեռ դրա վերջնական գնահատականը տալիս է հանդիսատեսը:

Օրերս Ազգային օպերային թատրոնում Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ բրավոներով ընդմիջվող Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացման ավարտին (Անուշ՝ Արծվիկ Դեմուրչյան, Սարո՝ Պերճ Քարազյան, Մոսի՝ Գեւորգ Հակոբյան) հանդիսատեսի շրջանում խոսվում էր շուրջ 2 ամիս առաջ Երեւանում  հայ-ֆրանսիական նախագծի՝ ավեդիկյանական «ընթերցմամբ» «Անուշի» մասին: Վերջինս ընթացիկ տարվա մշակութային ամենաաղմկալի բեմադրությունն է:

«Առավոտի» սուբյեկտիվ վերաբերմունքը (1.05.2013թ.) Երեւանում կայացած Սերժ Ավեդիկյանի «Անուշին» կարծես վերահաստատեց մայիսի վերջին Փարիզի Նանթեր-Ամանթիե թատրոնում ներկայացված հիշյալ բեմադրության վերաբերյալ «Նոր Յառաջ» պարբերականի շատ ավելի խիստ վերլուծականը:  Հենց վերնագրից՝ «Սերժ Աւետիքեանի «Անոյշը» չհամոզեց», պարզ է դառնում, թե ինչպես է այն ընդունվել մասնագետների ու հանդիսատեսի կողմից: «Հայաստանի մեջ Սերժ Աւետիքեանը քարկոծողներ շատ եղան, անոր ունեցած յանդգնութեան համար, որ ուզած էր «Անոյշ» օպերայի աւանդական բեմադրութեան փոշին առնել: Այն՝ ինչ Սերժ Աւետիքեան Նանթէր-Ամանտիէ թատրոնի բեմէն ներկայացուց, Տիգրանեանի մտայղացած «Անոյշը» չէր»,- գրում է «Նոր Յառաջը»: Հիշեցնենք, որ Ավեդիկյանը երեւանյան ասուլիսում ասել էր. «Նախագծի հեղինակներս անդրադարձել ենք Թումանյանի եւ Տիգրանյանի ստեղծագործության բնօրինակներին՝ օպերայի առաջին նոտագրությանը եւ լիբրետոյին, որոնք պահվում են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում եւ մինչ օրս մոռացության են մատնված եղել…»: Մոռացության մատնված լինելը գուցե Ավեդիկյանը նկատի է ունեցել Թումանյանի պոեմում առկա, սակայն ի սկզբանե լիբրետոյում տեղ չգտած Անուշի տուն վերադառնալը, քահանայի եւ Անուշի հոր կերպարները, որոնք, ի դեպ, Տիգրանյանի «Անուշում» տեղ չեն գտել՝ բեմական ինքնատիպություն չունենալու պատճառով: Ֆրանսահայ պարբերականը ավեդիկյանական «Անուշում» ներմուծված գրական միջնորդության, զգեստների, բեմական ձեւավորման առումով հետեւյալ կարծիքին է. «Անշուշտ հարկ է նորոգել բեմական լեզուն օրւան նորարարական գիւտերն ու պահանջները գործածել, պայմանով, որ խաղին թատերականութիւնը զօրանայ ու իմաստաւորուի: Աւետիքեանի նորութիւնները նպատակային չէին, տղամարդոց իգական շղարշ հագցնել, դասական երաժշտութեան մէջ դհոլ ու զուռնա մեջբերել, չորս պարողներ խաղին մէջ ներմուծել եւ երգային բաժինները արտասանել տալ, փոքր դրուագներու յաւելումները, ինչպես նաեւ  բեմի յետին պաստառի վրայ հեռարձակուած Հայաստանի բնաշխարհի մեծածաւալ նկարները ընդհանուր ներկայացումը տեղադրեցին բնապաշտական տեսադաշտին վրայ, հեռու արդիական ոճաւորումէ»:

Հիշեցնենք, որ ավելի քան 100-ամյա «Անուշը» բեմական մկրտություն է ստացել դեռեւս 1912թ.՝ անվանի ռեժիսորներ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, այնուհետեւ՝  Տիգրան Լեւոնյանի եւ Գեղամ Գրիգորյանի բեմադրություններում, հարազատ մնալով լիբրետոյին եւ կլավիրին: Այդուհանդերձ, «Նոր Յառաջը», անկախ այս ամենից, բարձր էր գնահատել հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներին՝ ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Սոֆյա Սայադյանի (Անուշ), Գուրգեն Բավեյանի (Մոսի), Երեւանի կոնսերվատորիայի ուսանող Լիպարիտ Ավետիսյանի (Սարո), ինչպես նաեւ  ներկայացման մեջ զբաղված Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախմբի արվեստը, նկատելով. «Դերակատարները կը թափառին բեմին վրայ, առանց գիտակցելու, թէ ինչ կընեն, աննպատակ եռուզեռ մը բեմական յղացումէ զուրկ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հովհաննես Շավարշ՝ «Անուշն ու Սարոն» (Ազգային պատկերասրահի հավաքածուից):

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031