Հուլիսի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դալիճում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է շուրջ 170 պատանի և աղջիկ Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իսրայելից և Բելառուսից:
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և շնորհակալական խոսքեր ուղղեց մասնակիցների ծնողներին, ովքեր լսել են ՀՀ սփյուռքի նախարարության կանչը և վստահ իրենց զավակներին ուղարկել Հայաստան: «Մենք անսահման շնորհակալ ենք նաև մեր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր 10 օր շարունակ պահում և հոգ են տանում օտար ափերից Հայրենիք ժամանած պատանիներին և աղջիկներին», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով. «Շնորհակալ ենք հատկապես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին և Երևանի վարչական շրջաններին, որոնք սիրով իրենց դռներն են բացում մեր մասնակիցների առաջ»:
Տիկին Հակոբյանը նշեց նաև, որ մասնակիցների համար կազմակերպվել են Մայրենիի դասընթացներ. «Հաջորդ ուրբաթ մենք կհանդիպենք և կտեսնենք, թե Ձեզանից ով՝ որքան է հայերեն սովորել»:
Այնուհետև մասնակիցներին ողջունեց Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Ելույթներով հանդես եկան Վրաստանի, ԱՄՆ-ի Իսրայելի, Գերմանիայի ներկայացուցիչները, իսկ մասնակիցներից ոմանց՝ Հայրենիքում կնքվելու ցանկությունն անմիջապես գտավ իր դրական արձագանքը: ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկեց Խոր Վիրապում կնքել բոլոր ցանկացողներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ