«ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ՀՀ-ՌԴ պայմանագրային խախտում չէ, բայց ռազմական դաշնակցից ակնկալված պահվածք էլ չէ»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Շարունակելով թեման նա նշեց. « Չխախտելով հանդերձ հավասարակշռությունը՝պատերազմի հավանականությունը մեծանում է: Երբ Ադրբեջանի ձեռքին հայտնվում են նոր զենքեր, նրա մոտ գայթակղությունը մեծանում է՝ դիմել քայլերի, որ կարողանան իրավիճակ փոխել: Այս իմաստով մտահոգիչ է ՌԴ պահվածքը, ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե ռազմական հավասարակշռությունը չի խախտվել: Մանավանդ, որ ոչ պաշտոնական մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հավասարակշռությունը, այլև վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Փաստորեն, իրավական իմաստով խախտում չկա ՌԴ-ի կողմից, բայց ռազմական դաշնակցից ակնկալելի կեցվածք էլ չէ սա»:
Դառնալով ՀՀ իշխանությունների արձագանքին՝ նշեց, որ ՀՀ իշխանությունների հրապարակային հակազդեցությունը համարժեք չի եղել:
Պարոն Մանոյանը խոսեց նաև տարածաշրջանային զարգացումներից՝ նշելով, որ Եգիպտոսում ու Սիրիայում կատարվող իրադարձություններն առնվազն իրենց անուղղակի ազդեցությունը կունենան ՀՀ-ի վրա ու հավելեց. «Կարևորն այն է, որ ՀՀ-ն ունենա այնպիսի ճկուն կեցվածք, որ կարողանա իր շահերը հետապնդել»:
Կարդացեք նաև
Մասնավորապես Եգիպտոսում գոյություն ունեցող իրրավիճակի մասին Կ.Մանոյանն ասաց, որ այն կունենա անկանխատեսելի հետևանքներ. «Հստակ է այն, որ հատկապես Արևմուտքը չի ուզում, որ Եգիպտոսում տեղի ունեցածը նաև այլ երկրներ տեղափոխվի: Միայն Թուրքիան է, որ ակտիվ փորձում է անիվը հետ պտտացնել և Եգիպտոսում տեղի ունեցածը փորձել դադարեցնել ու բերել նախկին վիճակի»: Սիրիայի մասին էլ ասաց. «Ելքը դեռ չի երևում»:
Պատասխանելով մոլդովացի փաստաբանի՝ ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթին վերաբերող հարցին՝ Կ. Մանոյանն ասաց. «Եթե միամիտ լինեինք, կարող էինք ասել, որ նա իր խոսքերում համոզված է: Իրատես լինելու դեպքում կասենք, որ լավ վարձատրվել է: Սա նաև առիթ է, որ այդ համաժողովին մասնակիրց եվրոպացի ներկայացուցիչների շրջանակը տեսներ այն հիմնական տարբերությունը, որ կա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Երևի այդ կնոջից դրա համար պիտի շնորհակալ լինել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ