Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի փաստաբանը նոր պատմություն է պատմում, թե ինչ սպառնալիքներ է ստացել հայերից

Հուլիս 09,2013 12:52

Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրիելիա Գրիգորիուն երեկ մի քանի ադրբեջանական լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս է հրավիրել ու բողոքել, թե ինչպիսի ահաբեկչության են իրեն ենթարկել այստեղ՝ Երեւանում:

 Apa.az-ի հաղորդմամբ, Գրիգորիուն հայտարարել է, որ ինքը զեկույցի ժամանակ Հայաստանի խորհրդարանում ոչ մի նոր բան չի ասել: «Այն տեղեկատվությունը, որ ես ներկայացրեցի իմ զեկույցում, իմ ենթադրությունները եւ մտքերը չէին: Ես օգտվել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալներից եւ ոչ մի նոր բան չեմ ասել: Այդ տեղեկատվությունը հասանելի է բոլորին եւ հայտնի է: Ես չէի կարող ենթադրել, որ դա այդպիսի սկանդալի կվերածվի»:

Աուրելիա Գրիգորիուն նաեւ ասուլիսում ասել է, որ ինքն ուզում էր հանրության ուշադրությունը հրավիրել սառեցված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների խախտումների վրա եւ հայտնել է օմբուդսմենի դիրքորոշում: Ըստ Մոլդովայի փաստաբանի, իր ելույթը սխալ է ընկալվել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի պատճառով:

Ասուլիսում սկանդալային փաստաբանը նաեւ սկսել է պատմել, թե ինչ սպառնալիքներ են եղել իր հասցեին՝ խորհրդարանում իր զեկույցից հետո. «Ե՛վ հյուրանոցային սենյակի իմ հեռախոսահամարին, ե՛ւ սոցիալական ցանցերի իմ էջում սկսեցին սպառնալիքներ հնչեցնել: Ես զգացի, որ այդ սպառնալիքներն իրական են եւ տեղեկացրեցի դրանց մասին մեր արտաքին քաղաքական գերատեսչությանը»:

Նշենք, որ Գրիգորիուն իր զեկույցից հետո արդեն հասցրել է մի քանի հարցազրույցներ տալ ադրբեջանական ԶԼՄ-ներին ու տարբեր, հակասական հայտարարություններ է արել: Հայաստանից վերադառնալուց հետո փաստաբանը հայտարարել էր, իբր այն հյուրանոցը, որտեղ մնացել է ինքը, շրջափակված է եղել մի խումբ զայրացած հայերի ամբոխով եւ նա ստիպված է եղել մեկուսանալ: Ավելի ուշ Vesti.az-ի հետ զրույցում Աուրելիա Գրիգորիուն հերքել էր դա՝ ասելով, որ նման բան չի եղել եւ ոչ մի բազմություն էլ չի հավաքվել հյուրանոցի մոտ: Այդ անգամ նա պնդել էր, որ հայերի կողմից սպառնալիքներ են եղել միայն ֆոյսբուքյան իր էջում:

Դրանից օրեր անց արդեն «APA»-ին նա մանրամասներ էր պատմել հյուրանոցային իր սենյակի հեռախոսահամարին ստացած զանգերի մասին եւ թե ինչպես են անհայտ անձինք փորձել իր բացակայության ժամանակ ներխուժել հյուրանոցային իր համարը, բայց հյուրանոցի աշխատակիցները թույլ չեն տվել:

Հիշեցնենք, որ Աուրելիա Գրիգորիուն ՀՀ ԱԺ-ում իր զեկույցի ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ ասել էր, թե Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է:

Պատրաստեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031