Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 107 երկրների շարքային բնակիչների 54%-ը կարծում է, որ իրենց երկրում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է

Հուլիս 09,2013 12:48

Այսօր «Մեդիա» կենտրոնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ՞ հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց աշխարհի 107 երկրներում շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները, որոնցով որոշվել են կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի արդյունքները:

Եթե համաշխարհային մակարդակով շարքային քաղաքացիների 18%-ը կարծում է, որ վերջին երկու տարիներին իրենց երկրներում նվազել է կոռուպցիայի մակարդակը, ապա Հայաստանում նույն հարցմանն ի պատասխան մարդկանց միայն 19%-ն է ասել, որ կոռուպցիան նվազել է մեր երկրում:

Մեր մոտակա հարեւաններից Վրաստանի շարքային քաղաքացիների 70%-ն է ասել, որ կոռուպցիան իրենց երկրում նվազել է, ադրբեջանցիների՝ 41%-ը, թուրքերի՝ 29%-ը, ուկրաինացիների՝ 5%-ը, ռուսների՝ 12%-ը:

Փոխարենը համաշխարհային մակարդակով մարդկանց 54%-ը կարծում է, որ կոռուպցիան ավելացել է վերջին երկու տարիներին: Հայաստանում վիճակն ավելի բարվոք է, միայն 43%-ն է ասել, որ ավելացել է կոռուպցիայի մակարդակը: Ադրբեջանում 27%-ն է նման խոստովանություն արել, Վրաստանում՝ 12%-ը: Իսկ ահա Մոլդովայի բնակիչների 69%-ն է վստահ, որ իրենց երկրում կոռուպցիոն մակարդակը բարձրացել է: Վատ է նաեւ Լիտվայի վիճակը՝ 65%, Ուկրաինայի վիճակը՝ 59%, Թուրքիայի՝ 54%:

Կոռուպցիան Հայաստանի բնակիչների 82%- ի համար լուրջ կամ շատ լուրջ խնդիր է: Համաշխարհային մակարդակով այդպես են կարծում մարդկանց 73%-ը: Բայց ահա, մեր հարեւան Ադրբեջանի բնակչության ընդամենը 58%-ի համար է դա լուրջ կամ շատ լուրջ խնդիր: Այս տվյալով այսդ երկրի բնակչությունը հետխորհրդային տարածքի երկրներից միայն Վրաստանի եւ Էստոնիայի բնակչությանն է զիջում. Վրաստանում բնակչության միայն 39%-ն է լուրջ խնդիր համարում կոռուպցիան, իսկ Էստոնիայիում՝ 54%-ը:

Սակայն, եթե Վրաստանի եւ Էստոնիայի պարագայում այդ թիվը քիչ թե շատ հասկանալի է, ապա Ադրբեջանի պարագայում՝ ուղղակի զարմանալի:

Ընդ որում, ադրբեջանցիներն այնքան զարմանալի տվյալներ են ներկայացրել, որ որոշ հարցումների դեպքում նրանց ուղարկած թվերն ուղղակի չեն ներառվել հարցման արդյունքների մեջ, քանի որ անարժանանահավատ են համարվել: Այսպես, օրինակ, հարցմանը՝ կաշառք տվե՞լ եք տարբեր ծառայության դիմաց, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացրած տվյալները չեն ներկայացվել՝ անարժանահավատ լինելու համար: Այս հարցման դեպքում համաշխարհային միջինը 27% է, այսինքն, աշխարհի 107 երկրներում մարդկանց 27%-ը երբեւէ կաշառք է տվել՝ որեւէ ծառայության դիմաց: Հայաստանում այդ թիվը կազմել է 18%, Վրաստանում՝ 4%, Լիտվայում՝ 26%, Ուկրաինայում՝ 37% եւ այլն:

Ադրբեջանի տվյալներն անարժանահավատ են համարվել նաեւ «ի՞նչ չափով է ձեր երկիրը ղեկավարվում իրենց շահերը հետապնդող մի քանի ազդեցիկ եւ հարուստ խմբերի կողմից» հարցին պատասխանները: Համաշխարհային մակարդակով այդ հարցի «ղեկավարվում են մեծապես կամ ամբողջովին» պատասխանը ընտրել են հարցվողների 55%-ը: Հայաստանում՝ 48%-ն է այդպես կարծում, Վրաստանում՝ 42%, Ռուսաստանում՝ 85%, Ուկրաինայում՝ 84%, Լատվիայում՝ 71% եւ անգամ երանելի Էստոնիայում մարդկանց 46%-ը համարում է, որ իրենց երկիրը ղեկավարվում է սեփական շահերը հետապնդող մի քանի ազդեցիկ եւ հարուստ խմբերի կողմից…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031