Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան ակտիվիստ. «Հասկացա՝ մեր երկրում մեր ղեկավարներն ինչքան անկուշտ են»

Հուլիս 09,2013 12:32

Բնապահպան Լեւոն Գալստյանի խոսքերով, Սյունիքի մարզում տասնմեկ գործող մետաղական հանքավայր կա եւ մետաղական հանքերում երկրաբանական ուսումնասիրություններ անելու քսանութ թույլտվություն է տրվել:

«Այսինքն ունենում ենք մոտ քառասուն մետաղական հանքավայր, իսկ դա նշանակում է, որ մի քսան տարի հետո կարող ենք մոռանալ մարզի մասին որպես բնակության վայր: Սյունիք կատարած մեր այցելության ժամանակ տեսանք արդեն փակված պոչամբարներն իրենց մասշտաբներով, հինգ վեց գործող պոչամբար, որոնց վիճակն ու մասշտաբները մտածելու տեղիք են տալիս: Այդ պոչամբարները միջազգային չափանիշներին չեն համապատասխանում, առանձնացված չեն բնությունից: Գյուղացիները պատմում են, որ այնտեղ լողանում են, անասունները արածում ու ջուր են խմում: Անգամ ցուցանակներ չկան, ամեն ձեւ փորձ է արվում, որ մարդիկ չիմանան էդ ինչ է եւ ինչ վտանգ է ներկայացնում»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Գալստյանը:

Բնապահպանի պատմելով, Ողջի գետի վերեւում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշել է իր համար ջրամբար սարքել, որ գետի ջուրն օգտագործի կոմբինատի աշխատանքների համար, եւ ոչ ոք չգիտի՝ թույլտվություն ունի՞, թե՞ ոչ:

Նա անդրադարձավ նաեւ Գեղի գետի հանքավայրի խնդիրներին. «Երբ հասանք այնտեղ, վթարը տեղի էր ունեցել նախորդ օրը, ըստ աշխատակիցների: Պլաստիկե խողովակաշարը մի քանի տեղից պատռված էր, ամբողջ գետի ջուրը, որ պետք է հոսեր պոչամբարից, լցվել էր պոչամբարի մեջ…Հետո Բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հերքեցին, թե ոչինչ չի պատահել…Իրականում շատ լուրջ վթար է եղել, որը կոծկել են:

Պոչամբարի ներքեւի մասի խողովակից՝ խառնված ջուրը լցվում էր գետը, ամբողջ թունավոր նյութերով լցվում էր գետը…Սյունիքի մարզում ոչ մի վերահսկողություն չկա, որ մի լաբորատոր հետազոտություն չի կատարվում, ոչինչ չի ուսումնասիրվում: Եթե այս տեմպերով շարունակենք հանքարդյունաբերությունը, Հայաստանում ապրելու միջավայր չենք ունենալու: Կունենանք հանքավայրեր եւ պոչամբարներով ձորեր: Հայաստանում հանքարդյունաբերությամբ պետք է զբաղվել, բայց ոչ այս տրամաբանությամբ: Պետք է բերել այդ հանքավայրերը բնապահպանական միջազգային չափանիշներին եւ պետք է պատկանեն ժողովրդին ոչ թե անհայտ կազմակերպությունների»:

Լեւոն Գալստյանը վստահեցնում է՝ տնտեսական զարգացման համար Հայաստանին նոր հանքավայրեր պետք չեն, դրանք պետք է լինեն մինիմում քանակով:

Ակտիվիստ Սյուզի Պետրոսյանն էլ ասաց՝ հատուկ նպատակով է Ամերիկայից Հայաստան եկել, այցելել հանքարդյունաբերական վայրեր:

«Սյունիքում տեսա՝ պոչամբարի ջուրը հանգիստ լցվում է Արաքս գետը, ոչ ձախ, ոչ աջ կողմում մի տեղ չկա, որ նայես ու պոչամբար չտեսնես: Գյուղացիներին այն վիճակում են դրել, որ այլ ելք չունեն: Սյունիքի հանքերն ու պոչամբարները տեսնելով՝ հասկացա, թե մեր երկրում մեր ղեկավարներն ինչքան անկուշտ են»:

Բնապահպան Եղյա Ներսիսյանն էլ հավելեց. «Մենակ Մեղրիում Ագարակի պոչամբարը, որ գալիս լցվում է Արաքս գետ, երեսուն հազար հեկտար ծիրանի այգիներ չորացել են: Մարդիկ իրենց մաշկի վրա այդ վնասը կրում են: Ոչ մի հանք չկա, որ սկզբնական լիցենզիան, որ ստացել է, մնացել է էդքանով: Սկսում են ընդլայնվել, ախորժակը ուտելուց է մեծանում: Քաջարանում մարդը ընկնում է՝ մեռնում է, գալիս են փողը տալիս են, ծածկում են դեպքերը: Սյունիքի մարզում վիճակը շատ օրհասական է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031