Հայաստանում կազմակերպվել էր միջազգային խորհրդաժողով: Նման խորհրդաժողովների պարագայում, բնականաբար, նախապես հայտնի է լինում, թե ովքեր են լինելու այս կամ այն հարցով հիմնական զեկուցողներ, ովքեր են հանդես գալու թեմատիկ ելույթներով եւ այլն: Տվյալ դեպքում, Աուրելիա Գրիգորիուն խորհրդաժողովում թեմատիկ զեկույցով հանդես եկողներից մեկն է եղել:
Հարց. Հայաստանում որեւէ մեկը, որեւէ պետական մարմին, սկսած ԱԱԾ-ից, վերջացրած ՍԴ-ով, կազմակերպիչներով եւ այլն, նախօրոք հետաքրքրվե՞լ են, թե ո՞վ է այդ Աուրելիա Գրիգորիուն: Ստուգապես՝ ո՛չ, չեն հետաքրքրվել:
Եթե հետաքրքրվեին, ապա նախապես, այլ ոչ թե «պոստ-ֆակտում» հայտնի կդառնար, որ տվյալ անձը ամեն կերպ փառաբանում է Ադրբեջանը, որ Բաքուն իր սիրելի քաղաքն է, որ ջերմ հարաբերությունների մեջ է ադրբեջանական իշխանական շրջանակների ներկայացուցիչների հետ եւ այդպես շարունակ: Ըստ որում, այդ «պոստ-ֆակտում» տեղեկանալն էլ հայրենի բլոգոսֆերայի ներկայացուցիչների շնորհիվ էր:
Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պետական մարմինները խիստ դանդաղ արձագանքեցին տեղի ունեցածին: Մասնավորապես, կարծում եմ, Հայաստանի ԱԳ նախարարությունը պետք է որեւէ կերպ արձագանքեր կատարվածին, իսկ տվյալ կինը պետք է ուղղակի վռնդվեր Հայաստանից որպես անցանկալի անձ:
Իհարկե, կարելի է նաեւ ասել, թե, այ, հենց այդ առումով էլ երեւաց մեր եւ Ադրբեջանի տարբերությունը, այն, որ մենք վայրենաբար չենք արձագանքում հակառակ կարծիք հայտնողներին (չնայած ինչ գրողի տարած «հակառակ կարծիք», երբ ուղղակիորեն հակահայկական հայտարարություններ են արվել), որ այս, որ այն:
Սակայն նման «պլյուրալիստական» նրբերանգները ժամանակակից աշխարհում ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում: Եվ հետո, երբեմն կարելի է շատ չմտատանջվել նրանից, թե մեր այս կամ այն քայլն ինչպես կգնահատեն։
Եվ, ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն առիթով արագորեն բողոքի ակցիաներ են կազմակերպվում։ Իսկ այս կոնկրետ դեպքում ոչ մի նման բան չդիտարկվեց, չնայած օտար մեկը եկել ու մեր երկրի խորհրդարանում մեր ազգային արժանապատվությանը դիպչող հայտարարություններ էր արել։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
միպը էլի քիթը խոթեց ուր պետք չի