Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում է մեր թանկագին Կյանք Ապրուստիչը

Հուլիս 09,2013 11:49
tankacum

Այս շաբաթը Հայաստանում մեկնարկեց կյանքի թանկացման իրողությամբ։

Հուլիսի 7-ից, ինչպես հայտնի է, սովորական սպառողների համար 1 խորանարդ մետր գազի սակագինը 156 դրամ է, նախքան այդ եղած 132 դրամի փոխարեն։ Միաժամանակ 8 դրամով բարձրացել է նաեւ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը (ցերեկային)՝ նախկին 30 դրամից հասնելով 38 դրամի։ Առանց փորձագետների դիտարկումների էլ պարզ է, որ այս թանկացումները շղթայական ռեակցիայով իրենց էական ազդեցությունն են ունենալու առաջին անհրաժեշտության պարենային ու ոչ պարենային ապրանքների գների վրա։
Երբ գնագոյացման տեսանկյունից էական նշանակություն ունեցող այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են բնական գազը եւ էլեկտրաէներգիան թանկանում են, հասկանալի է, դա չի կարող ընդհանուր թանկացման էֆեկտ չունենալ։
Տարբեր դիտարկումներով, «մնացած ամեն ինչը» առաջիկայում կարող է թանկանալ 10-20 տոկոսով։ Ինչպես դառը կատակեց ծանոթներիցս մեկը՝ Հայաստանում է մեր թանկագին Կյանք Ապրուստիչը…
Մինչ այդ, երեկ արդեն նշմարվեցին թանկացման առաջին տհաճ հետեւանքները. հասարակական տրանսպորտի ոլորտն սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել։ Նման մտադրության մասին երեկ լրագրողներին հայտնեցին Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը։
Նրանց խոսքով, հնարավոր գործադուլի հիմնական նպատակադրումն այն է, որ իշխանությունները լուծեն գազի թանկացմամբ պայմանավորված խնդիրները, որոնց բախվում են հիշյալ ընկերությունները։ Ըստ որում, ակնկալվում է, որ գործադուլի կարող է դիմել հասարակական տրանսպորտի ոլորտում գործող 65 ընկերություն: Արժե՞ ասել, որ եթե նման գործադուլ լինի, մայրաքաղաքում անտանելի վիճակ կստեղծվի։
Թերեւս միայն տաքսիստները կուրախանան ու սովորականից կրկնակի թանկ գներով կտեղափոխեն կանգառներում մնացած մարդկանց, ինչպես դա անում են ձյան առատ տեղումների ժամանակ։ Ինչեւէ։
Բանը միանգամայն պարզ է ու ակներեւ. մեր երկրում հասարակական տրանսպորտի փոխադրամիջոցները հիմնականում միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ են, որոնք լիցքավորվում են գազով կամ դիզվառելիքով, որը նույնպես թանկ արժե։ Հասկանալի է, որ եթե վառելիքը թանկանում է, իսկ մեր պարագայում՝ արդեն թանկացել է, ավելանալու են նաեւ այդ փոխադրամիջոցների շահագործման համար նախատեսված ծախսերը։ Իսկ ուղեւորափոխադրումներ իրականացնող այդ ընկերությունների եկամտի միակ աղբյուրը, բնականաբար, ուղեվարձն է, որը մնացել է անփոփոխ՝ 100 դրամ (Երեւանում)։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031